Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն այսօր Ռոստովում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «ողջ է»։
«Ուկրաինայում իմ մասին տարբեր բամբասանքներ են տարածվում։ Այդ կապակցությամբ կցանկանայի ասել, որ ողջ եմ ու ինձ լավ եմ զգում։ Ուզում եմ հիշեցնել, որ շարունակում եմ մնալ Ուկրաինայի միակ լեգիտիմ նախագահը։ Ես ողջ եմ։ Ես չեմ փախել»,- նշել է նա՝ հավելելով, որ կվերադառնա Կիև, երբ հանգամանքները թույլ տան։
Յանուկովիչի խոսքով՝ մայիսին հայտարարված նախագահական ընտրություններն անօրինական են ու չեն համապատասխանում Ուկրաինայի սահմանադրությանը։
Բանախոսն Արևմուտքին կոչ է արել չաջակցել Ուկրաինայի ներկայիս գործող իշխանություններին․ «Դուք իրավունք չունեք հանցագործներին գումարներ տալ։ Ես ուզում եմ Արևմուտքի ուժերին հարցնել՝ դուք կուրացե՞լ եք, կորցրե՞լ եք ձեր հիշողությունը, մոռացե՞լ եք՝ ինչ է ֆաշիզմը»։
Ուկրաինայի նախկին նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ Պետդեպին ու Գերագույն դատարանին խնդրելու է իրավական գնահատական տալ ամերիկյան կառավարության՝ Ուկրաինային 1 միլիարդ դոլար տրամադրելու որոշմանը։
«Որքանով տեղյակ եմ, ԱՄՆ օրենսդրությունն արգելում է ֆինանսական օգնություն տրամադրել մի երկրի կառավարության, որի օրինական ընտրված նախագահը գահընկեց է արվել ռազմական հեղաշրջման կամ այլ անօրինական որոշման հետևանքով»,- նշել է Յանուկովիչը։