Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնն ու Թեքալիի արագ արձագանքման խումբն իրենց անջատում են Հայաստանի հասարակական կազմակերպությունների ու հասարակական գործիչների բոլոր միջոցառումներից ու հայտարարություններից, որոնք ձեռնամուխ են եղել «Ադրբեջանի դեմ իրավապաշտպանության» առաքելությանը՝ Մամիկոն Խոջոյանին ու նրա ընտանիքին հասցված ֆիզիկական ու բարոյական վնասների կապակցությամբ։ Ըստ հայտարարության հեղինակների՝ տեղի ունեցածի համար պատասխանատվություն են կրում Հայաստանի իշխանությունները։
Մարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանն անզգուշության հետևանքով հատելու երկրորդ դեպքի կապակցությամբ՝ Արագ արձագանքման խումբը կոչ է անում միանալ միջնորդությանն ու նամակով դիմել Հայաստանի նախագահին։ Այս անգամ սահմանը հատել է 76-ամյա Մամիկոն Խոջոյանի համագյուղացին՝ 23-ամյա Արսեն Խոջոյանը։
Իրավապաշտպանները հայտնում են, որ Մամիկոն Խոջոյանի պաշտպանությանը նվիրված ակցիայի ժամանակ Ucom ինտերնետ-պրովայդերի հաճախորդները նկատել էին, որ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքն արգելափակված էր։ «Ucom-ի օգտատերերը ստիպված են եղել իրենց միջնորդություններն ուղարկել այլ պրովայդերների միջոցով։ Ucom ընկերությանը, իրավապաշտպաններին ու ԶԼՄ-ներին կոչ ենք անում ուշադրություն դարձնել այս փաստին»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Ադրբեջանում գերի ընկած Մամիկոն Խոջոյանը հայկական կողմին է վերադարձվել մարտի 4-ին՝ ադրբեջանական Ղազախ և հայկական Իջևան քաղաքների սահմանի վրա։
Հայաստանի գլխավոր դատախազության տարածած հայտարարության համաձայն՝ «գերի լինելու ընթացքում, ազգային, կրոնական ատելության և կրոնական մոլեռանդության շարժառիթներով դրդված մի խումբ անհայտ անձանց կողմից, առանձին դաժանությամբ, դիտավորությամբ Մամիկոն Խոջոյանի առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 6-րդ և 12-րդ կետերով, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն»։