Այսօր վաղ առավոտյան «Տոնուս» շինկազմակերպության գործունեության արդյունում տուժած քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացրել նախագահական առանձնատան դիմաց, գրում է galatv.am-ը։
Նրանք ակնկալում էին, որ կհանդիպեն Սերժ Սարգսյանին և նրան մեկ անգամ ևս կներկայացնեն իրենց խնդիրը: Բողոքի ակցիայի մասնակիցները ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշել են, որ մի քանի տարի է՝ խնդիրը լուծում չի ստանում:
«Արդեն մոտ տասը տարի էլ պայքարում ենք, բայց անօգուտ, մեզ խաբել են, եւ ոչ մեկ չի ցանկանում մեր խնդրով զբաղվել»,- ասել են ցուցարարները:
Բնակիչներին շուտով մոտեցել է նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը:
Մի քանի րոպե նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի հետ զրուցելուց հետո բնակիչները հայտնել են, որ ցանկանում են հանդիպել և զրուցել անձամբ Սերժ Սարգսյանի հետ: Սակայն Հովսեփյանը հայտնել է, թե հանդիպում տեղի չի ունենա և առաջարկել է ձևավորել 6 հոգանոց պատվիրակություն, որոնց առաջարկել է հանդիպել արդեն Բաղրամյան 26-ում: Սկզբում ցուցարարները չեն համաձայնել, սակայն տեսնելով, որ այլ տարբերակ չկա, ի վերջո որոշել են հեռանալ նախագահական առանձնատան դիմացից:
«Պարզ ասեմ, ով ստեղ մնաց, իրանցը չեմ լուծելու»,- ասել է Հովհաննես Հովսեփյանը և հեռացել: Ինչից հետո բնակիչները ստիպված նույնպես հեռացել են:
Հիշեցնենք, որ «Տոնուս» շինարարական ընկերությունը պատկանում է ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանին: Քաղաքացիները պահանջում են իրենց տրամադրել օրինական ճանապարհով «Տոնուս» ՍՊԸ-ից ձեռք բերած բնակարանները։
2006 թվականից 140 ընտանիք «Տոնուս Քոնսթրաքշնս» ՍՊԸ-ի հետ կնքել են անշարժ գույքի առքուվաճառքի նախնական պայմանագիր, կատարել պարբերական վճարումներ բնակարան ձեռք բերելու նպատակով: Սակայն բնակիչներին շուտով հայտնի է դարձել, որ իրենք բնակարանների նկատմամբ իրավունքներ չունեն, քանի որ շենքը գրավ է դրված «Արցախ բանկ» ՓԲԸ-ում։