Home / Հայաստան / ԲՀԿ-ՀԱԿ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը չի քննարկվել․ ԲՀԿ-ական պատգամավոր

ԲՀԿ-ՀԱԿ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը չի քննարկվել․ ԲՀԿ-ական պատգամավոր

«Բարգավաճ Հայաստան»-ի և Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների երեկվա հանդիպման ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարց չի քննարկվել: Այս մասին «Ազատություն» ռադոիակայանի հետ զրույցում փոխանցել է ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը։

«Այդպիսի հարց հանդիպման ժամանակ չի քննարկվել: Դա օրակարգի ճշտման ժամանակ ասել է Լևոն Զուրաբյանը: Ասել է, որ իրենց համար օրակարգում մշտապես եղել է և կա այդ հարցը, – ասել է պատգամավորը։ – Որևէ մեկը դրանից հետո չի անդրադարձել արդեն [այդ հարցին]: Քառյակի օրակարգում չկա նախագահի հրաժարական»:

Անդրադառնալով ՀԱԿ-ի հայտարարություններին, թե իրենց նպատակը Սերժ Սարգսյանի հրաժարականն է` Մարգարյանը նշել է, թե այդ հարցը մշտապես բարձրացնող ՀԱԿ-ը համաձայնել է այս փուլում համագործակցել կառավարության հրաժարակի շուրջ. «Միտինգում Տեր-Պետրոսյանի ասածը հենց սրա մասին էր: Իրենց համար սա նախընտրելի էր, բայց քանի որ իրենք ևս կարևորում են չորսի համագործակցության ձևաչափը, իրենց համաձայնվում են այս ուղով գնալուն»:

Հարցին, թե հնարավոր է, որ կառավարության հրաժարականին հասնելուց հետո ԲՀԿ-ն միանա ՀԱԿ-ի՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջին, պատգամավորն արձագանքել է. «Մենք ինքնանպատակ որևէ մեկի հրաժարականը պահանջելու խնդիր չենք դնում: Մենք դեմ ենք, համարում ենք վտանգավոր ցնցումներով որոշակի հարցեր լուծելը: Մենք գտնում ենք, որ այս փուլում կառավարությունը փոխելը երկրի համար շատ կարևոր է»:

Լուսանկարը՝ «Ազատություն»