Բանանի գինը Հայաստանում անցած տարվա վերջից սկսել է բարձրանալ, իսկ անցած հանգստյան օրերին կտրուկ թռիչք է արձանագրել և հիմա մեր խանութներում մեկ կիլոգրամ բանանի գինն արդեն հազար դրամ է, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Արամ Սահակյանը թերթի հետ զրույցում հայտնել է, որ բանանի գնի բարձրացումը դեռ շաբաթներ առաջ գրավել է հանձնաժողովի ուշադրությունը, և իրենք որոշակի տեղեկատվություն են պահանջել բանանի ներկրմամբ զբաղվող «Քեթրին» ընկերությունից (պատկանում է ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանին – խմբ․)՝ հասկանալու համար, թե որն է ստեղծված իրավիճակի պատճառը։
Ըստ Արամ Սահակյանի՝ սպասվում է, որ այդ ընկերությունից իրենց պահանջած տեղեկատվությունը կստացվի առաջիկա մեկ-երկու շաբաթների ընթացքում։
«ՀԺ»-ն ընդգծում է, որ «Քեթրին»-ը, ըստ էության, միակ բանան ներկրող ընկերությունն է։ Ընկերությունում թերթի հարցերին չեն պատասխանել։
Հայաստանում վաճառվող բանանը աշխարհում ամենաթանկերից մեկն է։ Օրինակ՝ Եվրոպայում մեկ կիլոգրամ բանանի մանրածախ միջին գինը մեկ եվրո է կամ 570 դրամ։ Առանձին դեպքերում, օրինակ՝ թանկ սուպերմարկետներում, բանանը արժե առավելագույնը 1.5 եվրո։ Ռուսաստանում այն արժե 1.2-1.3 դոլար։ Նույնքան արժե Վրաստանում։ Իսկ Հայաստանում, ինչպես նշեցինք, ամենաքիչը 2 դոլարի սահմաններում է, իսկ հիմա 2.4 դոլար։
«Կոնկրետ բանանի դեպքում գործ ունենք հերթական մոնոպոլիզացված շուկայի «հմայքի» հետ», – եզրափակում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում