Կան չորս գործոններ, որոնցով պայմանավորված է «Երևան ջուր» ընկերության սակագնային քաղաքականությունը՝ Էլեկտրաէներգիա, եվրո-դրամ փոխհարաբերություն, սղաճ և վաճառվող ջրի ծավալ: Թվարկված չորս գործոններից երեքի դեպքում ընկերությունը որևէ ներազդող լծակ չի կարող ունենալ և այս երեք գործոններին կարող է հակակշռել միայն ջրի ծավալների վաճառքի ավելացմամբ: Վերջին տարիներին սակագնի փոփոխությունը, մոտավորապես, այս հանգամանքներով էլ բացատրվում է: Այս մասին «Արմենպրես» գործակալության հետ զրույցում ասել է «Երևան Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանը՝ խոսելով ջրի սակագնի հնարավոր բարձրացման մասին։
Նշենք, որ օրերս «Երևան Ջուր» ընկերությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել մատուցվող ծառայությունների սակագների ճշգրտված հաշվարկները, որի համաձայն՝ մասնավորապես բնակչությանը մատուցվող մանրածախ ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայության սակագինը նախատեսվում է բարձրացնել 7,49 դրամով՝ 1 խորանարդ մետրի դիմաց և 170,256 դրամ/խմ-ի փոխարեն սահմանել 177, 746 դրամ (ներառյալ ԱԱՀ):
«2005թ. դեկտեմբերի 14-ին ֆրանսիական Վեոլիա ընկերության և հանրապետության կառավարության` ի դեմս ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի միջև կնքված 10-ամյա Վարձակալության պայմանագրով սահմանված է սակագնի ձևավորման հստակ մեթոդաբանություն և դրա շարժի սցենարը՝ ըստ տարիների:
Վարձակալության պայմանագրով սահմանված էր ոչ միայն սակագնի ճշգրտման մեթոդաբանությունը, այլև նրա շարժը ըստ տարիների: Խոսքը 2005/2006թթ. գործող սակագնի՝ 172,8 դրամի մասին է, որը բազիսային է և հիմք է հանդիսանում հետագա ճգրտումների համար: Այսպես, պայմանագրով սահմանված տարիներին բազիսային սակագինը նվազում է պայմանագրի համաձայն: Այնուհետև արդեն իջեցված սակագնին ավելանում են նշված 4 գործոնները և ձևավորում նոր՝ ճշգրտված սակագին: Եվ եթե դրանց առումով տվյալ տարին եղել է բարենպաստ, ապա հնարավոր է դարձել բացարձակ արտահայտությամբ նվազեցնել նաև գործող սակագինը, ինչը տեղի ունեցավ օրինակ 2013 թվականին: Ցավոք, բոլորը չէ, որ գիտեն այս մասին, այստեղից էլ հանիրավի քննադատություններ, թե ընկերությունը, իբր, չի կատարում ստանձնած պարտավորությունները», – ասել է Գրիգորյանը:
Նա նշել է, որ ընկերության կողմից մատուցվող ծառայությունների սակագները վեջնականապես կսահմանվեն հանձնաժողովի որոշմամբ, հայտի 3-ամսյա ուսումնասիրությունից հետո, իսկ ուժի մեջ կմտնեն դրանից մեկ ամիս անց, որպեսզի սպառողները, այդ թվում՝ իրավաբանական անձինք, ժամանակ ունենան ճշգրտումներ մտցնելու իրենց հաշվարկների մեջ:
«Ինչ վերաբերվում է շարքային սպառողին, ապա այն տեսանելի և զգալի փոփոխություն չի կարող առաջացնել, քանի որ եթե ընդունենք, որ միջին ընտանիքի (3-4 անձ) ջրի ամսեկան ծախսը տատանվում է 10-15 խմ սահմաններում, ապա 7.49 դրամ ավելացում ամսական ընդհանուր ընտանիքի բյուջեում մոտավոր կկազմի լրացուցիչ 100 դրամ, իսկ ընտանիքի յուրաքանչյուր անդամի պարագայում մոտ 25 դրամ», – բացատրել է տնօրենը: