Մարտի 11-ին հայտնի դարձան Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ փուլի առաջին 2 մասնակիցները։ Ատլետիկո-Միլան ու Բավարիա-Արսենալ զույգերում անակնկալներ չգրանցվեցին։ Դեռևս երկու շաբաթ առաջ հյուրընկալվելիս «Բավարիան» 2։0 հաշվով պարտության էր մատնել «Արսենալին»։ Սեփական հարկի տակ գերմանական ակումբը չհաղթեց՝ հանդիպումն ավարտելով 1։1 հաշվով, սակայն ողջ խաղի ընթացքում Պեպ Գվարդիոլայի թիմն ամրության պաշար ուներ, և հաջորդ փուլի ուղեգրի նվաճումը հարցականի տակ չէր դրվում։ 55-րդ րոպեին հաշիվը մոտ տարածությունից հարվածով բացեց Բաստիան Շվայնշտայգերը, իսկ 2 րոպե անց «Արսենալի» գերմանացի կիսապաշտպան Լուկաշ Պոդոլսկին, ով նախկինում նաև «Բավարիայում» է հանդես եկել, հավասարեցրեց հաշիվը։ Չնայած մյունխենցիները պնդում էին, որ մինչ գոլը Պոդոլսկին խախտել էր կանոնները Ֆիլիպ Լամի հետ պայքարում, մրցավարը գրանցեց դարպասի գրավումը։
Մյուս խաղում դաշտի տերերը՝ Մադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստները, ջախջախեցին իտալական «Միլանին»։ Մադրիդցիների հարձակվող Դիեգո Կոստան դեռևս մրցակցի հարկի տակ խփել էր միակ և հաղթական գնդակը։ Սեփական ստադիոնում Կոստան 2 գոլի հեղինակ դարձավ, ևս մեկական գնդակ խփեցին Ռաուլ Գարսիան և Արդա Թուրանը։ «Միլանը» կարողացավ պատասխանել ընդամենը Կակայի դիպուկ հարվածով և պարտվեց 1։4 հաշվով։ Փաստորեն, Չեմպիոնների Լիգան մնաց առանց իտալական ակումբների։
Այսօր «Բարսելոնան» հյուրընկալում է «Մանչեսթեր Սիթիին», իսկ «Պարի Սեն-Ժերմենը»՝ Լևերկուզենի «Բայերին»։ Առաջին խաղերում Բարսելոնան հաղթել է 2։0, իսկ ՊՍԺ-ն 4։0 հաշվով։