Մարտի 17-ին Ազգային ժողովի ընթացիկ նստաշրջանի Էթիկայի հանձնաժողովը կգումարի իր անդրանիկ նիստը:
Ինչպես հայտնում է «Փաստինֆո»-ն, օրակարգում երեք հարց է՝ «Սինջար եզդիների ազգային միավորում» և «Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպությունների 2013թ. դեկտեմբերի 13-ի դիմումի քննարկման ընթացքը, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ Գրիշա Բալասանյանի, Աննա Եղիազարյանի, Սարգիս Խանդանյանի և Հակոբ Կարապետյանի 2014թ. հունվարի 21-ի դիմումի և ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի 2014թ.փետրվարի 11-ի դիմումի քննության վերաբերյալ:
Եզդիների երկու ՀԿ-ների դիմումը Էթիկայի հանձնաժողովի նախորդ կազմը վարույթ է ընդունել 2013թ. դեկտեմբերի 24–ին: Զեկուցող է նշանակվել հանձնաժողովում ԲՀԿ-ի ներկայացուցիչ Վահան Բաբայանը, ով ընդգրկված է նաև հանձնաժողովի ներկայիս կազմում:
ՀԿ-ների դիմումը վերաբերում է դեկտեմբերի 10-ին Ազգային ժողովում Բադեյանի թույլ տված արտահայտությանը: Լրագրողի հարցին՝ արդյո՞ք նորմալ է, որ հայաստանյան հեռուստաընկերությամբ «Ինչ, որտեղ, երբ» հաղորդումը ռուսերեն լեզվով է հեռարձակվում, Բադեյանը պատասխանել էր․ «Իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ ըտենց եք մտածում: Եթե փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, չէի զարմանա, բայց դուք իսկականից ըտենց ե՞ք մտածում»:
Բադեյանի խոսքերից վիրավորված՝ «Սինջար» եզդիների միավորման անդամները Ազգային ժողովի մոտ ակցիա էին անցկացրել՝ պատգամավորին զուգարանի թուղթ ու ավանակի պատկերով նկար ուղարկելով:
Ավելի ուշ Բադեյանը պարզաբանել է, որ նկատի չուներ եզդի ժողովրդին, այլ նկատի ուներ այն եզդիին, ով, օրինակ, փողոց է մաքրում և ումից չես կարող գրագիտություն պահանջել, «ասել եմ փողոց մաքրողի իմաստով, ոչ թե եզդի ժողովրդի իմաստով, բա ինչի՞ մինչև վերջ չի գրել»:
Ի տարբերություն այս դիմումի, օրակարգում ընդգրկված՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների և պատգամավորի դիմումների կապակցությամբ հանձնաժողովը պետք է որոշի դրանք վարույթ ընդունել-չընդունելու հարցը:
Դեկտեմբերի 23-ին ԱԺ նիստերի դահլիճում բողոքի ակցիա իրականացրած չորս լրագրողները` Գրիշա Բալասանյանը, Աննա Եղիազարյանը, Սարգիս Խանդանյանը և Հակոբ Կարապետյանը, դիմել էին ՀՀ Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողով` պահանջելով իրենց դիմումի հիման վրա կարգապահական պատասխանատվության ենթարկել ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանին (Շմայս), այն է` պահանջել, որպեսզի վերջինս հրապարակային ներողություն խնդրի ԱԺ նիստերի դահլիճում և լրագրողական օթյակում բողոքի ակցիա իրականացնող լրագրողներից:
Ակցիայի ընթացքում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը բացականչել էր` «էս կապիկներին էլ հանեք ստից»: Նույն պատգամավորը նաև սեռական բնույթի հայհոյանք էր հնչեցրել լրագրողների հասցեին:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանձնաժողովին ուղղված դիմումում, մասնավորապես, տեղեկացրել է, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրությունից ստացել է գրություն, որով իրեն առաջարկվում է գլխավորել օրաթերթի խմբագրական խորհուրդը: «Թերթի գլխավոր խմբագրի և թողարկման պատասխանատուի կողմից ստորագրված գրության մեջ պարզաբանվում է, որ աշխատանքը խմբագրական խորհրդում լինելու է բացառապես ստեղծագործական բնույթի՝ մասնավորապես՝ հանդես գալ հրապարակումներով, թեմատիկ առաջարկներով, աջակցել լրագրողների, ստեղծագործական կազմի վերապատրաստմանը: Պարզաբանվում է նաև, որ խմբագրական խորհուրդը չի լինելու «Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի կառուցվածքային ստորաբաժանում, գործելու է հասարակական հիմունքներով, որպես հասարակական-աշխատանքային միավոր, այսինքն՝ աշխատանքը խմբագրական խորհրդում չի ենթադրում աշխատավարձ և պիտի իրականացվի ոչ վճարովի հիմունքներով»,- գրել է պատգամավորը՝ հանձնաժողովից խնդրելով եզրակացություն ներկայացնել վերը նշված աշխատանքը ստեղծագործական աշխատանք համարելու վերաբերյալ: