Գերդ Բուցերիուսի անվան «Արևելյան Եվրոպայի Ազատ մամուլ» մրցանակը 2014 թվականին շնորհվել է ռուսաստանցի, ուկրաինացի, բելառուսցի, ադրբեջանցի և հայաստանցի լրագրողներին ու ԶԼՄ-ներին։
Այս տարի դափնեկիրների շարքում են Մարիա Էյսմոնտն ու «Դոժդ» հեռուստաալիքը՝ Ռուսաստանից, Յուլիա Մոստովան, Մուսթաֆա Նայեմն ու Տետյանա Չորնովոլը՝ Ուկրաինայից, Ալեքսանդր Կլասկովսկին՝ Բելառուսից, Objective TV ինտերնետ-ալիքը՝ Ադրբեջանից, Epress.am ինտերնետային լրատվական կայքը՝ Հայաստանից։
«Ցայթ -Շտիֆտունգ Էբելին և Գերդ Բուցերիուս» (ZEIT-Stiftung Ebelin und Gerd Bucerius) հիմնադրամի մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ իրենց երկրներում իրավիճակը քննադատորեն ու անկախ լուսաբանելու համար՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ադրբեջանի և Հայաստանի լրագրողներն ու ԶԼՄ-ները պետք է հատուկ համարձակություն ու անվախություն ցուցաբերեն։
«Ուկրաինայում դրամատիկ իրադարձությունների ժամանակ լրագրողների նկատմամբ, բառացիորեն, որս էր հայտարարվել․ նպատակային հարձակումներ գործելով՝ նրանց դաժան ծեծի էին ենթարկում, նրանցից ոմանք մահացել են։ Լրագրողները եղել են ու մինչ օրս հանդիսանում են եվրոպամետ շարժման և այդ շրջադարձային պահի դինամիկայի կարևոր դիտորդները։ Ժյուրիի անդամների համար կարևոր է այս մրցանակի միջոցով աջակցել անկախ լրագրողներին ու զանգվածային լրատվական միջոցներին, որոնք, չնայած ոստիկանության կողմից սպառնալիքներին ու բռնությանը, շարունակում են աշխատել ու դիմադրել ինքնագրաքննությանը։
«Ցայթ – Էբելին և Գերդ Բուցերիուս» և «Ազատ խոսք» հիմնադրամները դափնեկիրներին խրախուսական մրցանակներ կշնորհեն՝ յուրաքանչյուրին 10 հազար եվրոյի չափով, 2014 թվականի հունիսի 12-ին՝ Համբուրգում։ Հիմնադրամներն այսպիսով ցանկանում են աջակցել անկախ լրագրողներին այն երկրներում, որտեղ տեղեկատվական ազատությունը լրջորեն սահմանափակվում է իշխանության, օլիգարխների, շահագրգիռ անձանց խմբերի կողմից, ինչպես նաև՝ դառնում է տնտեսական ճնշման զոհ»,- ասված է «Ցայթ – Էբելին և Գերդ Բուցերիուս» հիմնադրամի մամուլի հաղորդագրության մեջ։