Home / Հայաստան / Շվեյցարիայի նախագահը մտահոգված է Շանթ Հարությունյանի դեպքի հետ կապված․ հիմնադրամ

Շվեյցարիայի նախագահը մտահոգված է Շանթ Հարությունյանի դեպքի հետ կապված․ հիմնադրամ

Նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանի և նրա 13 համախոհների նկատմամբ իրագործվող ապօրինության փաստը միջազգային մակարդակով լսելի դարձնելու համար 2013 թ. դեկտեմբերի 28-ին բաց նամակ էր հղվել աշխարհի հինգ քաղաքական գործիչների, հայտնում է «Շանթ և ազատություն» հիմնադրամը։ Նամակը ստորագրել էին Հայաստանի ավելի քան հազար հինգ հարյուր քաղաքացի։

«Փետրվարի 14-ին պատասխան ստացվեց Շվեյցարիայի նախագահ Դիդյե Բուրկհալտերից, որում, մասնավորապես, ասվում է, որ նա տեղյակ է և մտահոգված Շանթ Հարությունյանի և համախոհների հետ կապված դեպքերից, քանի որ մարդու իրավունքների պաշտպանությունը համաշխարհային մակարդակով Շվեյցարիայի կառավարության արտաքին քաղաքականության կարևորագույն և առաջնային խնդիրներից է եղել և շարունակում է մնալ այդպիսին։ Շվեյցարիայի Արտաքին գործերի ֆեդերալ դեպարտամենտն ուշի ուշով հետևում է Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին։

Շվեյցարիան բազմակողմանի շփումներում Հայաստանին հիշեցնում է իր միջազգային պարտավորությունները և քաջալերում բարելավել մարդու իրավունքների պաշտպանությունն այս տարածաշրջանում։ 2008թ. նախագահական ընտրություններին հաջորդած հայտնի իրադարձություններից հետո Շվեյցարիան իր կոշտ դիրքորոշումն է արտահայտել՝ հորդորելով Հայաստանի իշխանություններին անկախ ու թափանցիկ հետաքննություն սկսել` բացահայտելու և խստորեն պատժելու անհարկի ուժ գործադրողներին. նաև հորդորեց Հայաստանին` ապահովել խոսքի ազատությունը՝ դրա համար մոբիլիզացնելով քաղաքական ուժերը, լրատվամիջոցները», – ասված է «Շանթ և ազատություն» հիմնադրամի ներկայացուցիչ Արուսյակ Հայրապետյանի՝ երեկ տարածած հաղորդագրության մեջ։