2014 թ. փետրվարի 22-ին որդու իրավունքների պաշտպանության համար ՀՔԱ Վանաձորի գրասենյակ էր դիմել Վանաձորի բնակիչ Մուշեղ Գևորգյանը: Նա հայտնել էր, որ որդին՝ Կարեն Գևորգյանը, փետրվարի 19-ին ՀՀ ոստիկանության կողմից տեղափոխվել է ԼՂՀ և մինչ փետրվարի 22-ը գտնվում է ԼՂՀ քննչական գլխավոր վարչությունում: Գևորգյանը պատմել էր նաև, որ որդին տաքսի ծառայությունում վարորդ է աշխատում և փետրվարի 16-17-ին երթով մեկնել է ԼՂՀ, և հնարավոր է, որ որդուն քննչական վարչությունում պահելը կապված է այդ երթի հետ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական գործ հարուցել Կարեն Գևորգյանին անօրինական կարգով հանձնելու և նրան ազատությունից զրկելու դեպքով պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ:
Ավելի ուշ Կարեն Գևորգյանը և Մուշեղ Գևորգյանը նույնպես հաղորդում են ներկայացրել՝ հայտնելով, որ Կարեն Գևորգյանն ապօրինաբար զրկվել է ազատությունից, իսկ Քաշաթաղի շրջբաժնում նրա նկատմամբ բռնություն է գործադրվել:
Մարտի 15-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ հատուկ քննչական ծառայությունից ստացել է այս գործի վերաբերյալ ՀՔԾ-ի հատկապես կարևոր գործերով քննիչ Ա. Հարությունյանի քրեական գործ հարուցելու մասին որոշումը: Մարտի 1-ին ԼՂՀ ոստիկանության կապիտան Հ. Իշխանյանը կայացրել է Կարեն Գևորգյանին ԼՂՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 1-ին մասով մեղադրանք առաջադրելու մասին որոշում:
Ինչպես նշում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, հատկանշական է այն հանգամանքը, որ որոշման մեջ նշվում է, որ Կարեն Գևորգյանը մեղադրվում է ծանր հանցագործության (կեղծ փողեր պահելը և իրացնելը) մասին իմանալու և դիտավորությամբ իրավապահ կամ իշխանության այլ մարմիններին չհայտնելու մեջ, սակայն նրան մեղադրանք առաջադրվել է այն հոդվածով, որով մեղադրվում են մի շարք այլ անձինք՝ կեղծ փողեր պահելու և դրանք իրացնելու համար: Նույն օրը կայացվել է որոշում, որով Կարեն Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Բացի այդ, Կարեն Գևորգյանին մեղադրանք առաջադրելու որոշման մեջ նշված ԼՂՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածը որևէ առնչություն չունի Կ. Գևորգյանին վերագրվող հանցագործության հետ, նշում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը։