Home / Տեսանյութեր / Սերժ Սարգսյանն այցելել է օրենքի խախտումով կառուցված ձեռնարկություն․ բնապահպաններ

Սերժ Սարգսյանն այցելել է օրենքի խախտումով կառուցված ձեռնարկություն․ բնապահպաններ

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) նախաձեռնությունը շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին։

Հաղորդումը վերաբերում է Հանքասարի հարստացուցիչ ֆաբրիկայի գործողություններին։

«Երբ 2013թ հունիսի 26-ին առաջին անգամ ականատես եղանք Հանքասարի հարստացուցիչ ֆաբրիկայի պոչամբարում և Գեղի գետում տիրող աղետալի վիճակին, մեզ թվաց, թե դա նախորդ օրը տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքն է: Սակայն հետագայում պարզվեց ահավոր իրականությունը, որը հետևյալն է. Փաստացի, Գեղի գետը երեք տարի շարունակ ծառայում է որպես Հանքասարի ֆաբրիկայի թափոնատար, ինչը էկոլոգիական աղետ է դարձել շրջակա միջավայրի համար, իսկ պետական լիազոր և իրավապահ մարմինները զարմանալիորեն ոչինչ չեն «նկատում»:

Այս ամենը հիմնավորվում է ոչ միայն տարբեր ամիսներին արված տեսագրություններով, որոնցում ակնհայտ երևում է, թե ինչպես է խմելու ջրի որակ ունեցող Գեղի գետը թունավորվում պոչանքի նյութերով, այլ նաև մեր հարցումների և ուսումնասիրությունների արդյունքում բացահայտված աղաղակող օրինախախտումներով», – հաղորդման մեջ նշել են բնապահպանները:

ՀԲՃ-ի ներկայացուցիչները, ուսումնասիրելով Բնապահպանության նախարարությունից ստացված փաստաթղթերը, պարզել են, որ «Լեռ-էքս» ընկերության կողմից շահագործվող հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքային նախագիծը 2011թ. հունիսի 20-ին ստացել է դրական եզրակացություն, իսկ ֆաբրիկայի պոչամբարի աշխատանքային նախագիծն առ այսօր չի ներկայացվել ՀՀ բնապահպանության նախարարություն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության:

Ընկերությունն ունի նաև ջրօգտագործման թույլտվություն, որի համաձայն` հարստացուցիչ ֆաբրիկան պետք է աշխատի ջրօգտագործման լրիվ շրջանառու համակարգով: Սակայն այդ համակարգը տեխնիկական-կազմակերպչական տարբեր պատճառներով առ այսօր չի գործում, ինչի հետևանքով պոչամբարի պարզված ջրերը լցվում են Գեղի գետը:

1pochambar

Նրանք ընդգծում են նաև, որ հարստացուցիչ ֆաբրիկան շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին փորձաքննական դրական եզրակացություն ստացել է միայն 2011թ. հունիսի 20-ին, սակայն արդեն կառուցված է եղել և արտադրանք է թողարկել դրանից դեռևս վեց ամիս առաջ՝ 2010թ. դեկտեմբերին, ինչի մասին ասված է ՀՀ Նախագահի պաշտոնական կայքի 22.12.2010թ. հրապարակման մեջ. «Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նաև «Լեռ-Էքս» ՍՊԸ-ի հանքաքարի վերամշակման հարստացուցիչ ֆաբրիկա, որտեղ ներկայում գործարկման ու տեխնոլոգիան յուրացնելու փուլում է տարեկան 150 հազ. տոննա հանքաքարի վերամշակման արտադրողականությամբ ֆլոտացիոն ֆաբրիկան` համապատասխան թափոնամբարով: Սկսվել է 51 տոկոս պարունակությամբ մոլիբդենի և 25-28 պարունակությամբ պղնձի խտանյութերի թողարկումը»:

«Ստացվում է, որ ՀՀ նախագահն այցելել է օրենքի բացահայտ խախտումով կառուցված և շահագործվող ձեռնարկություն», – նշում է ՀԲՃ-ն:

Բնապահպանները հավելում են, որ «Լեռ-Էքս» ՍՊԸ-ի և Հանքասարի հարստացուցիչ ֆաբրիկայի ղեկավար անձնակազմը պետք է պատասխանատվություն կրի շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված այս հանցագործությունները կատարելու համար: