Երեկ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում «բանդայի գործով» նշանակված դատական նիստը շատ կարճ է տևել։ Դատավոր Մեսրոպ Մակյանը նիստի մեկնարկին հայտարարել է, որ նիստից առաջ փաստաթուղթ է ստացել այն մասին, թե մեղադրյալ Քյարամ Ամոյանի բժշկական փորձաքննության համար նյարդաբան է անհրաժեշտ, այդ իսկ պատճառով նիստը հետաձգվում է։ Դատավորը նշել է, որ հաջորդ շաբաթ կայանալիք դատական նիստին իրենք կհրավիրեն անհրաժեշտ փորձագետին։
Մեղադրյալ Արտուշ Հակոբյանի փաստաբան Հովիկ Արսենյանը միջնորդել է փոխել իր պաշտպանյալի խափանման միջոցը, քանի որ նա 3 տարի ձերբակալված է, նրա մեղքի ապացույցներ չկան, իսկ դատական նիստերն անընդհատ հետաձգվում են։ Արսենյանի միջնորդությանը կողմ են եղել նաև մյուս մեղադրյալների փաստաբանները, ինչի հետ համաձայն չի եղել մեղադրող դատախազը։
Մակյանը հրաժարվել է քննարկել այդ հարցը՝ նշելով, որ նիստը շարունակվելու է հաջորդ շաբաթ։
«Բանդայի գործի» ընթացքին հետևող «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության դիտորդները Epress.am-ի հետ զրույցում նշել են, որ դատավորի այն հայտարարությունը, թե իրենք նյարդաբան հրավիրելու անհրաժեշտության մասին իմացել են նիստի օրը առնվազն կասկածներ է հարուցում։ Դեռ նախորդ օրը «Դատալեքս» կայքում նշված է եղել, որ «բանդայի գործով» նիստը կայանալու է 14։00-ին դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, իսկ 14։15-ին Մակյանը մեկ այլ պաշտոնապես նշանակված դատ է ունեցել։ Դիտորդների մոտ հարց է առաջացել՝ ինչպե՞ս է Մակյանը 15 րոպեում անցկացնելու դատական նիստը։
Անդրադառնալով դատավորի վարքին, Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը մեզ հետ զրույցում հիշատակել է օրերս Արդարադատության ակադեմիայի բացմանը Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի խոսքերը, ով նշել էր, որ նորաստեղծ կառույցը կօգնի ավելի բանիմաց ու որակյալ դատավորներ ու դատախազներ պատրաստել:
«Երեկվա նիստը ցույց տվեց, որ ոչ մի ակադեմիա չի կարող օգնել դատական համակարգի բարեփոխմանը: Նույն Մակյանը հայտնի է որպես Վահան Խալաֆյանի գործի դատավոր, որի ընթացքում բազմաթիվ խախտումներ են գրանցվել: Իմ կարծիքով, Մակյանի կարգի դատավորներին ոչ մի ակադեմիա էլ չի օգնի, իսկ համակարգը շարունակում է նույն որակի կադրեր արտադրել: Դրանք դատավորներ են, որոնք վերևից հրաման են կատարում, իսկ հայաստանյան համակարգում մակյանները շատ են», – ասել է Դանիելյանը:
Հիշեցնենք, որ գործով անցնում են 2011 թվականի սեպտեմբերին բնակարանային գողություններ կատարելու մեղադրանքով ձերբակալված 5 ամբաստանյալներ: Նրանց պաշտպանները հայտարարում են, որ ամբաստանյալների նկատմամբ խոշտանգումներ են իրականացվել, և դրանց հետևանքով կորզված ցուցմունքները չպետք է քննվեն դատարանում և մեղադրականի հիմք դառնան:
Ամբաստանյալներից մեկը՝ 41-ամյա Արման Դալլաքյանը, սեպտեմբերի 7-ին մահացել է դատապարտյալների հիվանդանոցում: Նրա մայրը Epress.am-ին ասել է, որ որդուն ոչ միայն ծեծել են, այլև չեն թողել, որպեսզի ծնողները նրա բուժմամբ զբաղվեն: