Թուրքիայի իշխանությունները մարտի 20-ին լույս 21-ի գիշերը երկրում արգելափակել են «Թվիթեր» սոցիալական կայքը, հայտնում է «Հյուրիեթը»։
Կայքն արգելափակվել է Թուրքիայի հեռահաղորդակցության կարգավորման մարմնի՝ BTK-ի կողմից։ Կայք մուտք գործել փորձող թուրք օգտատերերը վերահղվում են BTK-ի հայտարարությանը, որտեղ մեջբերվում է արգելափակումը թույլատրող դատական որոշումը։
Սան Ֆրանցիսկոյում հիմնված ընկերությունը օգտատերերին կոչ է արել շրջանցել արգելքն ու գրառումներ հրապարակել sms հաղորդագրությունների միջոցով։
«Թվիթերի» արգելափակումը հետևել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանն այն մասին, որ երկրում «արմատախիլ» կարվեն սոցիալական կայքերը, այդ թվում «Թվիթերը», ու որ Թուրքիայի ղեկավարությանը չի անհանգստացնում միջազգային հանրության արձագանքը։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր «Ֆեյսբուք» և «ՅուԹուբ» կայքերի հնարավոր արգելափակման մասին։ «ՅուԹուբ» կայքում մարտին հրապարակվել էին Էրդողանի ու նրա որդու ենթադրյալ հեռախոսազրույցները, որոնցում նրանք քննարկում էին մի քանի տասնյակ միլիոն եվրո գումարի քողարկման հնարավորությունները։ Էրդողանն այդ ձայնագրությունները կեղծիք էր անվանել։