Երեկ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային: Հանդիպման մասին ՀՀ ԱԳՆ-ն մամուլի հաղորդագրությունը շատ քիչ մանրամասներ է պարունակում։
«Հանդիպման ընթացքում փոխարտգործնախարարը վերահաստատել է, որ ինքնորոշման իրավունքի վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն անփոփոխ է և տարիների ընթացքում բազմիցս արտահայտվել է:
Արտգործնախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի և Ուկրաինայի բարեկամ ժողովուրդների դարավոր հարաբերությունները կազմում են այն ամուր հենքը, որի վրա կառուցվում է մեր երկու երկրների միջև փոխգործակցությունը», – ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինան Հայաստանին նոտա էր հղել՝ պահանջելով պարզաբանել դիրքորոշումը Ղրիմի խնդրի վերաբերյալ և հրապարակավ հայտնել, թե «չի ճանաչում Ղրիմի անեքսիան»։
«Երկկողմանի հարաբերությունների վրա վատ հետևանքները լայն շրջանակ ունեն, որը կկիրառվի հայկական կողմի պաշտոնական դիրքորոշումը ստանալուց հետո», – ասել էր Ուկրաինայի փոխարտգործնախարար Դանիիլ Լուբկիվսկին։