Հայաստանի նկատմամբ հանքարդյունաբերող ընկերությունների հետաքրքրությունը չի մարում, այսօր տարածած բաց նամակի մեջ նշում է «Համահայկական բնապահպանական ճակատ» (ՀԲՃ) նախաձեռնությունը՝ անդրադառնալով
Հայաստանում հանքարդյունաբերության պատասխանատու զարգացման հնարավորությունները քննարկելու համար մարտի 25-26-ը Երևանում անցկացվեդլիք միջազգային համաժողովին։ Նամակն ուղղված է «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով համաժողովի կազմակերպիչներին, որոնց թվում են կազմակերպել են Համաշխարհային բանկը և ՀՀ կառավարությունը, իսկ աջակիցներն են Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (EBRD), Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), ԱՄՆ-ի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Մեծ Բրիտանիայի դեսպանատները և Կանադայի կառավարությունը։
«Կարելի է ենթադրել, որ համաժողովը կազմակերպվում է այն պատճառով, որ վերջին տարիներին Հայաստանում մեծ թափ է հավաքել բնապահպանական շարժումը, բարձրացել է մարդկանց էկոգիտակցության և իրազեկման մակարդակը, ինչը խնդիրներ է առաջացրել հանրության հետ երկխոսության եզրեր գտնելու ճանապարհին։ Իրականացվել են նաև բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ, որոնք տարբեր մասնագետների և բնապահպանական շարժումների անդամների կարծիքով չեն բխում Հայաստանի և նրա ժողովրդի շահերից, իսկ Հայաստանը դրանց արդյունքում պարզապես ներկայանում է որպես «համեղ պատառ» օտար ներդրողների և տեղի շահագործողների համար:
Համաժողովը նաև միտում ունի «պատասխանատու» տերմինի միջոցով արդարացնել նորանոր մեծ ու փոքր հանքավայրերի շահագործումը մեր երկրում (Ամուլսար, Թեղուտ, Տաշտուն և այլն)։ Մենք միանշանակ հերքում ենք Հայաստանի նման փոքր երկրում այսպիսի արագընթաց տեմպերով զարգացող անվերահսկելի հանքարդյունաբերության հնարավարությունը՝ ինչքան էլ ուզում է այն համեմված լինի տարբեր գեղեցիկ միջազգային տերմիններով։ Այն արդեն շատ վայրերում առաջացրել է էկոլոգիական աղետալի վիճակ, ինչի ականատեսն են և´ տեղի բնակչությունը, և´ բնապահպանները, ինչը կարելի է ապացուցել նաև բազմաթիվ փաստերով», – նշում են նամակի հեղինակները։
ՀԲՃ-ն նշում է, որ չի դիմում միջազգային կազմակերպություններին կամ ՀՀ կառավարությանը, այլ դիմում է համաժողովին հրավիրված փորձագետներին, որոնք, բնապահպանների կարծիքով, անկախ և անաչառ մասնագետներ են։
«Խնդրում ենք Հայաստանում հանքարդյունաբերական այսպիսի համաժողովին մասնակցելուց առաջ նախ ծանոթանալ, թե ինչպիսի գիշատիչ ձևով է իրականացվել և իրականացվում հանքարդյունաբերությունը Հայաստանում, որո՞նք են եղել դրա օգուտներն ու վնասները, և ո՞ր հանգրվանում ենք մենք գտնվում ներկայումս։
Մենք խորապես կասկածում ենք նմանատիպ համաժողովների արդյունավետությանը, քանի որ գործնականում ունենք բոլորովին այլ պատկեր, երբ հանքավայրեր շահագործելիս բացակայում է անաչառ մասնագիտական փորձաքննությունն ու պետական խիստ վերահսկողությունը, երբ բնությանն ու մարդկանց առողջությանը հասցված վնասների վերաբերյալ չի կատարվել և կարծես ցանկություն էլ չկա կատարելու լուրջ հետազոտություններ, երբ ընդունված օրենսդրական ակտերը ստեղծում են բոլոր նպաստավոր պայմանները հանքեր շահագործելու, գերշահույթներ ստանալու, հումքը Հայաստանից արտահանելու և առաջացած թույնը նրա ժողովրդին ժառանգություն թողնելու համար», – ասված է բաց նամակում:
ՀԲՃ-ն փորձագետների ուշադրությանն է ներկայացնում նաև նյութեր, որոնցում խոսվում է հանքարդյունաբերության բացասական ազդեցության մասին Հայաստանի բնության վրա։