Ուկրաինական «Աջ հատվածը» մտադիր է վրեժխնդիր լինել ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովից Ալեքսանդր Մուզիչկոյի (Սաշա Բիլիի) սպանության համար։ Այս մասին նշված է «Աջ հատվածի»՝ երեքշաբթի տարածած հայտարարության մեջ։
«Մենք Արսեն Ավակովից վրեժ կլուծենք մեր եղբոր մահվան համար։ Սաշա Բիլիի սպանությունը պատվիրվել էր նախարարի կողմից։ Մուզիչկոն որևէ քրեական գործի վերաբերյալ ծանուցում չէր ստացել, ու նրան որևէ տեղ չէին կանչել»,- «Աջ հատվածի» համակարգող Ռոման Կովալի խոսքերն է փոխանցում charivne.info կայքը։
Ինչպես է «Աջ հատվածը» մտադիր վրեժխնդիր լինել՝ դեռևս հայտնի չէ։
Նշենք, որ Ուկրաինայի ՆԳՆ համաձայն, Սաշա Բիլին մահացու վիրավորում էր ստացել բերման ենթարկվելու ժամանակ, քանի որ կրակ էր բացել իրավապահների ուղղությամբ։
Ըստ «Աջ հատվածի», սակայն, ՆԳՆ տարածած այս տեղեկությունը «սուտ է, քանի որ բերման ենթարկվելիս Սաշա Բիլիի ձեռքերը կապված են եղել, ու նա ֆիզիկապես ի վիճակի չէր կրակ բացել»։
Ավելի վաղ Ալեքսանդր Մուզիչկոն պաշտոնապես հաղորդագրություն էր ուղղել Ուկրաինայի անվտանգության ծառայությանը՝ ուժայիններին մեղադրելով իրեն ոչնչացնելու կամ ՌԴ հատուկ ծառայությունների փոխանցելու մտադրություն ունենալու մեջ։