Home / Հայաստան / Փաստաբանը չպետք է ատելության թիրախ դառնա․ «Հարսնաքարի» գործով վճռի մասին

Փաստաբանը չպետք է ատելության թիրախ դառնա․ «Հարսնաքարի» գործով վճռի մասին

ՀՀ փաստաբանների պալատը իր մտահոգությունն է հայտնում «Հարսնաքար»-ի գործով դատավճռի հրապարակման ընթացքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Այս մասին ասված է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի տարածած հայտարարության մեջ։

«Մեղադրյալների հարազատների կողմից անեծքներ և վիրավորական խոսքեր էին ուղղվել տուժող կողմի ներկայացուցիչ փաստաբան Տիգրան Եգորյանին։

Այս և մնացած դեպքերում (այդ թվում՝ Վարդան Պետրոսյանին առնչվող գործով), ցավոք, փաստաբանները (ինչպես տուժող, այնպես էլ պաշտպանության կողմի) նույնացվում են իրենց վստահորդների հետ։

«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ փաստաբանը չպետք է նույնացվի իր վստահորդի հետ՝ ելնելով փաստաբանի կողմից իր մասնագիտական պարտականությունների կատարումից:

Փաստաբանին ատելության թիրախ դարձնելը հղի է վտանգավոր հետևանքներով և, եթե հասարակությունը չհարգի փաստաբանի մասնագիտական անձեռնմխելիությունը, ապա դա ուղղակիորեն խոչընդոտելու է արդարադատության կայացմանը», – նշել է Արա Զոհրաբյանը։

Իր հայտարարությամբ Փաստաբանների պալատը խստորեն դատապարտում է նման վարքագիծը և կոչ է անում բոլոր փաստաբաններին, հնարավոր միջոցներով սաստել մյուս կողմի փաստաբանի նկատմամբ ագրեսիա ցուցաբերող Ձեր վստահորդներին։

«Վաղը, նրանց տեղում կարող եք Դուք լինել: Զուգահեռաբար կոչ ենք անում դատարաններին, նման դեպքերում կիրառել օրենքով նախատեսված միջոցներ, քանի որ այս բացասական երևույթը, երբ դատարանում չի պաշտպանվում փաստաբանի իրավունքները և պայմաններ չեն ստեղծվում փաստաբանի մասնագիտական պարտականությունները կատարելու համար, հավակնում է շարունակական բնույթ կրել», – նշել է Զոհրաբյանը: