Ապրիլի 11-ին՝ ժամը 17։00-ին, Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնում (Փավստոս Բուզանդի 1/3) տեղի կունենա Արվեստի այլընտրանքային ամենամյա փառատոնը՝ «Պատկեր(ացն)ելով Ապագան» խորագրով։
Փառատոնի ուղեկցող տեքստում համադրող Սոնա Ասատրյանը գրում է․
«Հույսն անքակտելի կապերի մեջ է անցյալի հետ և անմահ հարաբերությունների՝ ապագայի, ինչի մասին վկայում է նաև վերջինիս հանդեպ թերահավատությունը: Ապագան պատկերային առումով կարծես միշտ էլ աղոտ է և կանխատեսումներով ապրեցվող: Դիտարկելով գալիքը անընդհատ և ընթացիկ փոփոխությունների շրջանակներում՝ ներկայի և դրան հաջորդողի միջև ընկած ճեղքը հղանում է ապագան կանխատեսելու եւ/կամ հակազդելու անթիվ հնարավոր ու անհնարին առաջարկներով: Հնարավոր ու անհնարին այս առաջարկները գործի դնելով՝ արդյո՞ք հնարավոր է պարզել ներկայի հրատապ խնդիրները և անցյալի պահանջները: ՆՓԱԿ-ի 18-րդ Արվեստի Այլընտրանքային Ամենամյա Փառատոնը կլինի փորձ՝ ստեղծել հարթակ, որտեղ արվեստագետներն, արվեստային և համադրողական խմբերն ու նախագծերը կառաջարկեն հավաքական ապագա ստեղծելու հնարավոր և անհնարին տարբերակներ»: