2013 թվականի ընթացքում Հայաստանի տարածքում գյուղատնտեսությամբ զբաղվողները մի շարք դեպքերում չեն ստացել որևէ շահույթ, քանի որ տրվող վարկերի տոկոսադրույքները եղել են չափազանց բարձր, իսկ դրանց մարման ժամկետները՝ խիստ սահմանափակ: Այս մասին իր տարեկան զեկույցի գյուղատնտեսությանը վերաբերող հատվածում նշում է ՀՀ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը։
Այլ թերությունների շարքում նա նշում է, որ բնական աղետների հետևանքով գյուղատնտեսությամբ զբաղվողներին հասցված վնասը պետության կողմից բավարար չափով չի փոխհատուցվել: Արդյունքում՝ հազարավոր ընտանիքներ մնացել էին առանց ապրուստի միջոցի:
Անդրեասյանն ընդգծում է, որ երկրում դեռևս չի լուծվել գյուղատնտեսական ապահովագրության հարցը, որի արդյունքում գյուղատնտեսությամբ զբաղվողներին բնական աղետների հետևանքով հասցված վնասի փոխհատուցումն ընդհանրապես երաշխավորված չէ:
«Դեռևս չի լուծվել որոշ մարզերում հակակարկտային կայանների հիմնման և ռադիոլակացիոն ցանցի ներդրման հարցը, ինչի արդյունքում մարդիկ շարունակում են տուժել կարկտի հետևանքներից: Բավարար քանակի սպանդանոցներ չեն հիմնվել անասնագլխաքանակի մորթը պատշաճ իրականացնելու համար: Արդյունքում՝ տեղի է ունեցել ժամկետն անցած և անհայտ ծագման մսամթերքի վաճառք, որը վտանգում է սպառողի կյանքն ու առողջությունը: Նախարարությունը չի իրականացրել արդյունավետ ծրագրեր անասնագլխաքանակի, դրանց մթերատվության բարձրացման, ինչպես նաև ցորենի սերմնաբուծության զարգացման ուղղությամբ», – խնդիրներին անդրադառնալով՝ ընդգծում է օմբուդսմենը: