Մի շարք ադրբեջանական ՀԿ-ների ներկայացուցիչներ, հասարական գործիչներ, իրավապաշտպաններ տարածած հայտարարության մեջ դատապարտել են «Գրագետ քաղաքացի» ՀԿ-ի ղեկավար Հասան Հուսեյնլիի ձերբակալությունը՝ կոչ անելով ազատ արձակել նրան։
«Մենք` Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունը, խստորեն դատապարտում ենք մեր գործընկերոջ` «Գրագետ քաղաքացի» իրազեկման կենտրոնի ղեկավար Հասան Հուսեյնլիի` կեղծ մեղադրանքների հիման վրա ձերբակալությունը, և կոչ անում նրան անհապաղ ազատ արձակել: 57-ամյա պարոն Հուսեյնլին ձերբակալվել է մարտի 31-ին, ժամը 18:00-ի սահմաններում`որպես կասկածյալ խուլիգանության մեղադրանքով` մեկ այլ անձի, ենթադրաբար, դանակահարելու համար:
Աշխատելով Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքում` Գյանջայում, Հասան Հուսեյնլին Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ամենահայտնի ու ակտիվ անդամներից է երկրի արևմտյան հատվածում: Որպես 2004 թվականին հիմնադրված «Գրագետ քաղաքացի» իրազեկման կենտրոնի ղեկավար`Հուսեյնլին հայտնի է Ադրբեջանի արևմտյան հատվածում բաց հասարակության, մարդու իրավունքների և ժողովրդավարական գաղափարների խթանման, ինչպես նաև` երիտասարդների իրազեկման ծրագրեր իրականացնելու և արտերկրում ուսումնական ծրագրերին նրանց մասնակցությունն ապահովելու համար:
Վերջին տարիներին տեղի մարզպետն արշավ է սկսել «Գրագետ քաղաքացի» կենտրոնի և դրա տնօրեն Հասան Հուսեյնլիի դեմ: Ամբողջ Ադրբեջանում Հ/Կ-ներն իրենց գործունեության ընթացքում բազմաթիվ մարտահրավերների են հանդիպում` տեղի բնակչության հետ աշխատելիս, նույնիսկ փակ վայրերում համաժողովներ, սեմինարներ կամ վերապատրաստման դասընթացնր անցկացնելիս:
Մենք Հասան Հուսեյնլիի ձերբակալությունը համարում ենք նախագահական ընտրությունների շրջանում քաղաքացիական հասարակության դեմ կիրառված ճնշումների մաս: Այս հետապնդումները մեկնարկել են 2013 թվականի նոյեմբերին` Ադրբեջանի` ընտրությունների դիտարկման և ժողովրդավարության հետազոտությունների կենտրոնի ղեկավար Անար Մամեդլիի դեմ կայացված իրավական ակտերով և Հ/Կ-ների մասին օրենքի խստացմամբ: Ակտիվիստներ Իլգար Մամմադովի և Թոֆիգ Յագուբլուի` քաղաքական դրդապատճառներ ունեցող դատապարտումը համապատասխանաբար 7 և 5 տարվա ազատազրկման այս հետապնդումների մեկ այլ ապացույց է:
Հ/Կ-ների ղեկավարների` կեղծ մեղադրանքներով ձերբակալություններն ու Հ/Կ-ների վերաբերյալ օրենքի անմարդկային խստացումները խախտում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածը (հավաքների և այլոց հետ միավորվելու ազատություն) և Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները Եվրոպայի խորհրդի առջև:
Այս ձերբակալությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս հիմնարար իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու Ադրբեջանի դժկամությունը:
Մենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում ազատ արձակել մեր գործընկեր Հասան Հուսեյնլիին և կեղծ մեղադրանքների հիման վրա ձերբակալված կամ դատապարտված մյուս ակտիվիստներին, հարգել մարդու իրավունքների արժեքներն ու պատշաճ կերպով կատարել իր`մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պարտավորությունները», – ասված է հայտարարության մեջ: