Սահմանադրական դատարանի որոշման մեջ նշված վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 30-ը, Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքը շտկելու հնարավարություն է, այլ ոչ թե գումարները կորզելու։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է շարժման ներկայացուցիչ Դավիթ Մանուկյանը։
Նա հիշեցրել է, որ իշխանության ներկայացուցիչները հիմնվում են ՍԴ որոշման յոթերորդ կետի վրա, ըստ որի օրենքի կիրառման վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է և քաղաքացիներից պահանջում են կատարել պարտադիր վճարները։
«Մի բան է սեպտեմբերի 30-ն ընկալել որպես հնարավորություն կրկին գումարներ կորզելու համար, և մի բան է՝ ընկալել այն մաքսիմալ ժամկետ, մինչև երբ օրենսդիրն ու գործադիրը պարտավոր են մշակել օրենքը, որը պետք է համապաստախանի Սահմանադրությանը»,- նշել է բանախոսը։
Նա առաջարկել է ուշադրություն դարձնել ՍԴ որոշման վեցերորդ կետի վրա, ըստ որի պիտի հաշվի առնել քաղաքացու սեփականության իրավունքը։
«Առանց քաղաքացու ցանկության գործատուն իրավունք չունի նրան ստիպել գումարներ վճարել կամ ֆոնդեր ընտրել», -ասել է բանախոսը։
Հանդիպման մասնակից Դավիթ Դավթյանը հավելել է, որ ՍԴ-ի որոշումը հանգուցալուծող օղակ չէ։
«Իրավական առումով մեր պնդումները հաստատվեցին, բայց սոցիալական առումով հարցի լուծում չտրվեց. ՍԴ որոշման վեցերորդ կետի համաձայն` սեփականության իրավունքը ոչ մեկ իրավունք չունի խախտելու»,- ասել է Դավթյանը:
Դավիթ Մանուկյանը կոչ է արել աշխատողներին թույլ չտալ, որպեսզի գործատուն գումարները պահի, նման դեպքում առաջարկելով դիմել դատարան։ Մանուկյանը վստահություն է հայտնել, որ դատարանը պարտավոր է որոշումն օգուտ աշխատակցի կատարել։
Նախաձեռնության անդամ Հակոբ Արշակյանի խոսքով՝ օրենքի տակ ընկնող մարդկանց 97%-ը, կամ 120.000 մարդ ֆոնդեր չի ընտրել։
«Սա առաջին հերթին կոչ է իշխանություններին՝ հաշվի առնելով հասարակության 97%-ի փաստը, պետք է կանչել արտահերթ ԱԺ կամ Կառավարության նիստ և չեղարկել օրենքը` վերադարձնելով բոլորի գումարները»,- ասել է Արշակյանը։
Վերջինս շեշտել է, որ այս օրենքն իր մեջ պարունակում է մի շարք վտանգներ՝ «բազմաթիվ ընկերություններ քաշքշուկների արդյունքում այնպիսի վիճակում են հայտնվել, նրանք կարող են վերագրանցել իրենց ընկերությունները հարևան երկրներում, որտեղ հարկերը բավական մեղմ են, իսկ իշխանությունները՝ վստահելի»։
«Ներդրողների վստահության դեֆիցիտ կա, իսկ իշխանությանների ներկայացուցիչները զանգում, սպառնում են, թե կտուգանեն, և մարդկանց մոտ խուճապ է առաջանում։ Մյուս վտանգը որակյալ մասնագետների արտահոսքի խնդիրն է։ Իշխանություններն իսկույն անցում պետք է կատարեն նախկին համակարգին և անհապաղ տույժ կիրառեն այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր, անձի կամքի վրա բռնանալով, տարել են ֆոնդեր ընտրելու»,- նշել է բանախոսը։
Շարժման անդամները տեղեկացրել են ապրիլի 12-ի Մատենադարանի մոտ նախատեսված հավաքի մասին և քաղաքացիներին խորհուրդ տվել նախաձեռնության կայքում տեղադրված դիմումներն անպատճառ ուղարկել համապատասխան կառույցներ, որպեսզի գումարները չպահվեն։