հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Հանձնաժողովին խնդրել են քննել նախարարի կողմից էթիկայի կանոնները խախտելու փաստը

Հանձնաժողովին խնդրել են քննել նախարարի կողմից էթիկայի կանոնները խախտելու փաստը

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ խնդրելով վարույթ հարուցել և քննության առնել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կողմից Էթիկայի կանոնները խախտելու փաստը:

Դիմումը կապված է մարտի 25-26-ին Երևանում անցկացվող «Պատասխանատու հանքարդյունաբերություն. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով միջազգային կոնֆերանսի ընթացքում տեղի ունեցած միջադեպի հետ, որի մասնակիցն են դարձել բնապահպան ակտիվիստներն ու ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

««Անպատասխանատու» որակելով Հայաստանում իրականացվող հանքարդյունաբերությունը՝ բնապահպան ակտիվիստները միջոցացառման դահլիճում կազմակերպել են բողոքի ակցիա՝ իրենց դժգոհությունն արտահայտելով Հայաստանի հանքարդյունաբերության և դրա նկատմամբ ՀՀ բնապահպանության նախարարության անարդյունավետ վերահսկողության առնչությամբ: Ի պատասխան ակցիայի մասնակիցների հնչեցրած կարծիքների՝ նախարարը սպառնացել է ակցիայի մասնակիցներից մեկին, ասելով. «Չափդ ճանաչի, ականջներդ կպոկեմ, կտամ ձեռքդ, լակոտ»:

Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը սահմանում է հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի Էթիկայի կանոնները, այդ թվում՝ հարգել օրենքը և ենթարկվել օրենքին, իր գործունեությամբ նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը, ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսևորել իր պաշտոնին վայել վարքագիծ, հարգալից վերաբերմունք ցուցաբերել բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում է իր լիազորություններն իրականացնելիս:

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կողմից վիրավորանք պարունակող արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցնելը բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող հանրային ծառայողին ոչ հարիր վարքագիծ է և էթիկայի կանոնների կոպիտ խախտում, որպիսի պարագայում վտանգվում Է նաև հարգանքի և վստահության ձևավորումը նրա ներկայացրած մարմնի նկատմամբ», – ասված է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի տարածած հաղորդագրության մեջ: