Սեռով պայմանավորված աբորտների անհանգստացնող բարձր ցուցանիշների շուրջ հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանում աղջիկ երեխաներից ազատվելու 3 հիմնական պատճառ կա։ Առաջինը՝ տղայի երեխայի գերապատվությունն է ընտանիքում և հասարակության մեջ, երկրորդը՝ փոքր թվով երեխաներ ունենալու միտումն է, երրորդը տեխնոլոգիաներն են՝ գերձայնային հետազոտությունը, որը թույլ է տալիս որոշել սեռը ու դիմել հղիության ընդհատման։ Այս մասին ապրիլի 7-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտարարել է Առողջապահության նախարարության մայրության եւ վերարտադրության բաժնի պետ Գայանե Ավագյանը:
«Ոչ մեկի մեղադրել չենք կարող, որ ինքը ուզում է տղա երեխաներ ունենալ, սա նորմալ է, սակայն այն չպետք է կատարվի առողջ աղջկան հեռացնելու ճանապարհով։ Եթե նպատակ ունեն տղա երախա ունենալ՝ 3-4 ծննդաբերությունից հետո անպայման տղա կծնվի, որովհետև շանսերը 3-րդից սկսած անպայման կրկնապատկվում են, 4-րդի ժամանակ համարյա 90 տոկոսով հնարավոր է տարբեր սեռի երեխաներ ունենալ», -նշել է բանախոսը։
Վերջինս ընդգծել է, որ Հայաստանում ծնված տղաների թիվը նորմայից բարձր է։
«Նորման սահմանում է 100 աղջկան 105-106 տղա, ապա որոշակի բարձրացում կա և այդ բարձրացումը նկատվում է հատկապես 3-րդ և հետագա ծնունդների ժամանակ։ Ուրախալին այն է, որ պայմանավորված սեռով՝ գոնե երկրորդ երեխան չեն հեռացնում։ Մենք պետք է գիտակցենք այս ամենը ու խնդրի լուծման համար զարկ տանք ծնելիության զարգացմանը», -ասել է Ավագյանը։
Մասնագետը մտավախություն է հայտնել, որ նման միտումներով շարունակելու դեպքում 20-30 տարի հետո կարող ենք ունենալ աղջիկների պակաս ու ժողովրդագրության իմաստով խնդիրներ՝ ամուսնությունների կայացման ու մայրացող կանանց թվի նվազման առումով․
«Մեր հորդորն է ապագա մայրերին՝ չհեռացնել պտուղը միայն սեռի համար։ Շատ հնարավոր է , որ այդ աղջիկը շատ ավելի ապահովված լինի, քան տղան, այսօր մենք դրա ականատեսն ենք, երբ հասարակության մեջ դերերի փոփոխություն ունենք՝ մեր կանայք նույնպես կայանում են որպես լավ աշխատողներ, գումար վաստակողներ»։
Ավագյանը նշել է, որ իրենք ունեն սեռով պայմանավորված աբորտները կանխելու ելքեր, սակայն օրենսդրությամբ դրանք արգելված են, ուստի շարունակելու են խնդրի ճիշտ լուծման ուղիներ փնտրել։
«Ելքերից մեկը մինչև 22 շաբաթական սեռի մասին ինֆորմացիա չհայտնելն է, բայց չեմ կարծում, որ սրանով կարող ենք հասնել հաջողության։ Մենք պետք է փոխենք մեր վարքագիծը երեխաների հարցում ու կարևորենք աղջիկ երեխայի ծնունդը, իսկ պետությունն էլ իհարկե պետք է խրախուսի 3-րդ, 4-րդ երեխայի ծնունդը։ Այս խնդիրը դեռևս օրակարգում է և փորձելու ենք գտնել հարցի լուծման լավագույն տարբերակները», – ասել է Ավագյանը։