Թեև 10 տարի առաջվա համեմատ Հայաստանում ավելացել են կանայք, որոնք օգտագործում են հակաբեղմնավորման ժամանակակից միջոցներ, շատերը հղիությունն ընդհատելու համար դեռևս դիմում են հղիության արհեստական ընդհատման միջոցին։
Ընդ որում, գերակշռում է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը, որի արդյունքում, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) համաձայն, Հայաստանում ամեն տարի չի ծնվում միջինը 1400 աղջիկ երեխա։ Այս տվյալները Կանանց ռեսուրսային կենտրոնում մարտի 25-ին ներկայացրել է հանրային առողջության փորձագետ, հետազոտող Անի Ջիլոզյանը՝ «Ձայն տալով կանանց․ հակաբեղմնավորիչների և հղիության արհեստական ընդհատման ընկալումը Հայաստանում» զեկույցում։
Իր վերջին որակական հետազոտության շրջանակներում՝ Ջիլոզյանը զրուցել է 30 կանանց և առողջապահական ծառայություններ մատուցող 10 անձանց հետ՝ Արմավիրի մարզի 7 գյուղերում։ Իր ուսումնասիրությունների արդյունքում Ջիլոզյանը պարզել է, որ հակաբեղմնավորիչների մասին առասպելները բավական տարածված են Հայաստանում, հատկապես՝ գյուղերում։
«Ես ինքս ինձ պաշտպանելու միայն այդ միջոցը գիտեմ»,- ասել է մասնակիցներից մեկը՝ նկատի ունենալով այն, որ տղամարդը սերմնաժայթքումը չի իրականացնում կնոջ ներսում։ Հարցման մեկ այլ մասնակցի կողմից ներկայացված առասպելի համաձայն՝ 3 տարի շարունակ հակաբեղմնավորիչ հաբ ընդունելու դեպքում կինը կարող է անպտուղ դառնալ։
Ջիլոզյանը նաև ներկայացրել է հակաբեղմնավորիչ չօգտագործելու ամենատարածված պատճառները, որոնց թվում են հաբերի թանկ գինն ու այն, որ պահպանակ գնելը «ամոթ է»։ Կանանցից մեկը նշել է, որ իր ամուսինը սովորաբար այնքան երկար է բացակայում տանից, որ ինքը հակաբեղմնավորման մասին մտածելու կարիք չունի։
Խոսելով հղիության արհեստական ընդհատման մասին՝ Ջիլոզյանը նշել է, որ Հայաստանում 10 հղիություններից 3-ը ավարտվում են աբորտով։ Նա պարզել է, որ հայաստանցի կանայք հղիության ընդհատման հասնելու համար օգտագործում են «Միզոպրոստոլ» (Սայտոտեկ) դեղամիջոցը․ այն ոչ միայն տասն անգամ էժան է, քան վիրահատությունը, այլև ամոթալի չէ, և կանայք հղիության արհեստական ընդհատումը կարող են գաղտնի պահել՝ անգամ իրենց ընտանիքի անդամներից։
Մասնակիցների շրջանում կային նաև թերըմբռնումներ՝ կապված երեխայի սեռի ընտրության հետ։ Հայաստանում նախընտրում են տղա երեխաներին, որի հետևանքով նորածինների հարաբերակցությունը կազմում է 114 տղա՝ 100 աղջկա դիմաց։ ՄԱԲՀ-ի ուսումնասիրությունների համաձայն՝ նախածննդյան փուլում սեռի ընտրությունը Հայաստանում խնդիր է եղել վերջին 20 տարիների ընթացում։ Համոզմունքը, որ տղաները պետք են ընտանիքի անունն ու ժառանգությունը շարունակելու համար, ամենատարածվածն էր հետազոտության մասնակիցների շրջանում։ Այնուամենայնիվ, պարզվել է, որ 1 տղա ունենալը բավական չէ։ Մասնակիցներից մեկն ասել է, որ իր ամուսինը ընտանիքի միակ երեխա է ու «բարդույթ ունի», հետևաբար, տղաները պետք է եղբայր ունենան՝ լավ տղամարդ դառնալու համար։
Ջիլոզյանն իր զեկույցը եզրափակել է մի քանի խորհուրդներով։ Առաջին հերթին, նա ընդգծել է հակաբեղմնավորման և հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ կրթություն և իրազեկության բարձրացումը։ Նա նաև առաջարկել է հակաբեղմնավորիչներն ավելի հասանելի դարձնել, որպեսզի կանայք կարողանան գնել դրանք, իսկ հղիության ընդհատման հանգեցնող դեղերի համար կիրառել «միայն դեղատոմսով քաղաքականությունը»։ Ջիլոզյանը նաև խորհուրդ է տվել ֆինանսական օգնություն ցուցաբերել 2 կամ ավելի աղջիկ երեխա ունեցող ընտանիքներին, բարձրացնել աշխատանք ունենալու հնարավորությունները կանանց համար, և այլն։
Անի Ջիլոզյանի զեկույցը հասանելի կլինի երկու շաբաթից՝ հայերեն և անգլերեն լեզուներով։