Արմավիրի մարզի մի քանի համայնքների բնակիչներ այսօր նախագահական նաստավայրի մոտ անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում պահանջել են թույլ չտալ արտերկրից բանջարեղենի ներկրումը Հայաստան: Նրանք պատճառաբանում են, թե այն արգելք է հանդիսանում տեղական արտադրողի համար, ովքեր չեն կարողանում Հայաստանում աճեցրած մթերքը վաճառել։
Ակցիայի մասնակից Գայ գյուղի բնակիչ Ներսես Ենոքյանը նշել է, պատկան մարմիններին ուղղված իրենց դիմումներն ու նամակները մնացել են անպատասխան՝ պետությունը չի աջակցում տեղական արտադրողին, իսկ խնդիրը տարեցտարի ավելի է խորանում։
«Գյուղացին ամբողջ ձմեռ ջեռուցելու համար թանկ գնով գազ ու էլեկտրաէներգիա է օգտագործել, էսօր էլ չի կարողանում տակից դուրս գալ։ Պետությունն էլ զիջումների չի գնում, որ գոնե բերքը վաճառի, նոր վճարումներն անի․ ամիսը լրացավ՝ գալիս, փողը ուզում են», -ասել է Ենոքյանը։
Վերջինիս խոսքով՝ շուկան հեղեված է արտերկրից, հատկապես Թուրքիայից ներմուծված էժանագին բանջարեղենով, ինչն էլ նպաստում է շուկայում տեղական բանջարեղենի լճացմանը և հասցնում ինքնարժեքից ցածր գնի։
«Տեղական բանջարեղենը էկոլոգիապես ավելի մաքուր է ու սննդարար, իսկ ներկրվողն անորակ ու անհայտ ծագում ունի՝ չնայած գեղեցիկ տեսքին», -ասել է Ենոքյանը։
Բողոքողները կարծիք են հայտնել, որ Արարատյան դաշտավայրի գրեթե բոլոր համայնքների բնակիչները պատրաստ են անգամ «ցեխոտ շորերով» գալ նախագահական նստավայր՝ միայն թե հարցին լուծում տրվի։
«Գյուղացին չարչարվում է, վարկեր վերցնում, իսկ շուկայում բերքը իրացնելու հնարավորություն չունի։ Գյուղնախարարն ասում ա՝ «ստեղ շատ արտադրեք, չներկրենք», դրա համար էլ հնարավորություն ա պետք՝ 150 դրամ գազ վառելով կարա՞մ պոմիդոր, վարունգ արտադրեմ», – ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։
Ավելի ուշ հավաքվածները նամակ են հանձնել նախագահական նստավայրի նամակների բաժին, որտեղ խոստացել են հարցին ընթացք տալ ու ողջամիտ ժամկետներում պատասխանել։
Նշենք, որ փետրվարին ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը, Epress.am-ի հետ զրույցում անդրադառնալով խնդրին, պնդել էր, որ Վրաստանից Հայաստան ներկրվող լոլիկը սահմանին չի մաքսազերծվում, արդյունքում՝ թուրքական արտադրանքն ավելի էժան է վաճառվում, քան տեղականը, և հայ գյուղատնտեսները սնանկանում են։