Կիրակի Ուկրաինայում կրկին ակտիվացել են ռուսաստանամետ ուժերը։
Ռուսաստանամետ ակտիվիստները կիրակի ուշ երեկոյան ներխուժել են Խարկովի շրջանային վարչակազմի շենք։ Նրանք դրոշակափայտից հանել են Ուկրաինայի դրոշը՝ դրա փոխարեն բարձրացնելով Ռուսաստանի եռագույնը։ Հարակից տարածք անվադողեր են բերել, իսկ բարձրախոսներով հնչել է «Վստավայ, ստրանա օգրոմնայա» երգը, որն ավելի վաղ ուղեկցում էր Սևաստոպլում հակաֆաշիստական հանրահավաքը, հայտնում է «Գորոդսկոյ դոզոր»-ը։ Այնուհետև ամբիոնից հայտարարվել է, որ Ուկրաինայի գահընկեց եղած նախագահ Վիկտոր Յանուկովիչն արդեն վարէջք է կատարել Դոնեցկում։
Երկուշաբթի առավոտյան Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարը հայտարարել է, որ Խարկովի շրջանային վարչակազմի շենքը ազատագրվել է։
Լուգանսկում, որտեղ նախօրեին հայտարարվել էր բողոքի շարժման միասնական առանցքային կենտրոնի ստեղծման մասին ու տեղի ունեցել բազմահազարանոց հանրահավաք, որի մասնակիցները փողոց էին դուրս եկել Ռուսաստանի դրոշներով և գեորգևյան ժապավեններով, քրեական գործ է հարուցվել զանգվածային անկարգությունների փաստի առիթով, հայտնում է «Կորեսպոնդենտը»՝ հղում կատարելով ուկրաինական «Հինգերորդ ալիքին»։ Ուկրաինայի Անվտանգության ծառայության շրջանային վարչության շենքի վրա հարձակման ժամանակ տուժել է ութ մարդ, ոստիկաններից մեկի մոտ ողնաշարի կոտրվածք են ենթադրում։
Կեսգիշերի սահմաններում Լուգանսկում 3000 մարդ վերահսկողության տակ է վերցրել Ուկրաինայի Ազգային բանկի մասնաճյուղը, փողոցներում սկսել են բարիկադներ կառուցել։ Ինչպես հայտնում է «Եվրամայդան SOS» ֆեյսբուքյան խումբը՝ Խարկովում նույնպես բարիկադներ են կառուցվում։ Որոշ տվյալների համաձայն՝ երկուշաբթի ակտիվիստները պատրաստվում են «պառկած պիկետ» անցկացնել ոստիկանության շրջանային վարչության շենքի դիմաց։
Միևնույն ժամանակ, Խարկովում ռուսաստանամետ ակտիվիստները վրանային քաղաք են կառուցում, հայտնում է NEWSru.ua կայքը։ Խարկովցիները մտադիր են բողոքել մինչև «օրինական իշխանության վերադարձը, սահմանադրական կարգի վերականգնումը»։
Կիևի իշխանությունները հայտարարել են երկրի արևելյան շրջանում տեղի ունեցող իրադարձություններին խիստ արձագանքելու մտադրության մասին։ «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն իրավապահ մարմիններից և Ուկրաինայի Անվտանգության ծառայությունից պահանջել է ձեռնարկել բոլոր միջոցներն ու թույլ չտալ՝ իրավիճակը բռնկվի։
«Իշխանությունները պետք է անհապաղ միջամտեն իրավիճակին ու թույլ չտան երկիրը պառակտել և խափանել ընտրությունները։ ՆԳՆ և Անվտանգության ծառայության լավագույն ուժերը պետք է աշխատեն Դոնբասում՝ անջատողական սադրանքները կանխարգելելու և վերահսկելու համար»,- տարածված հայտարարությունն է մեջբերում «Կորեսպոնդենտը»։
Ուկրաինայի Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, իր հերթին, հայտարարել է, որ մտադիր է անկարգությունների դեմ պայքարել առանց արյունահեղության։ «Ռուսները տատանում են երկրի իրավիճակը։ Պուտինն ու Յանուկովիչն են պատվիրել երկրի արևելքում՝Լուգանսկում, Դոնեցկում, Խարկովում, տեղի ունեցող անջատողական անկարգությունները։ Մարդիկ քիչ են, բայց ագրեսիան մեծ է։ Դոնեցկում գրոհայինների շարքում մեծ թվով կանանց ու երեխաների են ներառել։ Հրահրում են, որպեսզի կոնֆլիկտը վերածվի արյունահեղության»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է նախարարը։
Ավակովն ամեն գնով անկարգություններին վերջ տալ պահանջող «տաք գլուխներին» պատասխանել է, որ «իրավիճակը վերահսկողության տակ կվերադառնա առանց արյան»։
«Իրավապահներին նման հրաման է տրվել։ Բայց ճշմարտությունն այն է, որ ոչ ոք չի պատրաստվում հանդուրժել սադրիչների անօրինականությունները։ Սադրիչներն ու հրահրողները պատասխանատվության կենթարկվեն»։
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կանխատեսում է, որ ռուսական բանակը կներխուժի Ուկրաինա, եթե «դիվերսանտներին» հաջողվի դիմանալ 48 ժամ։ «Ֆեյսբուքի» իր էջում նա հիշեցրել է, որ երեք օր առաջ իր հոդվածում կանխատեսել էր Ուկրաինայի արևելյան շրջանի իրադարձությունները։
«Կրկնվում է Ղրիմի սցենարը․ նախ հանրահավաք, ու եթե այն չաշխատի, գրավում և ռուսական ներխուժում։ Այս ամենն այնքան պարզունակ է, որ ուկրաինական իշխանությունները կարող են ամեն ինչ նախապես հաշվարկել։ Հիմա ամենակարևորն ընդհանուր զորահավաք հայտարարել է՝ Ուկրաինայի արևելյան սահմանները պաշտպանելու նպատակով։ Նաև պետք է հատկապես զգուշանալ Ուկրաինայի զինված ուժերի որոշ հրամանատարների հնարավոր անհնազանդությունից, քանի որ Ռուսաստանի Հետախուզության գլխավոր վարչությունն այդ ուղղությամբ հատուկ է նախապատրաստվել»,- գրել է Սաակաշվիլին։