Home / Տեսանյութեր / Փաշինյանն առաջարկում է նվազեցնել երթևեկության խախտումների տուգանքները․ օրինագիծ

Փաշինյանն առաջարկում է նվազեցնել երթևեկության խախտումների տուգանքները․ օրինագիծ

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ պաշտոնապես շրջանառության մեջ է դրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը․ որի հիմնական նպատակն է՝ էականորեն նվազեցնել ճանապարհային երթևեկության մի շարք կանոնների խախտման համար նախատեսված տուգանքի չափերը: Այս մասին Փաշինյանը գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Խոսքը այն խախտումների մասին է, որոնք առավել «սիրված են» «Սիքյուրիտի դրիմ» ընկերության կողմից:

Մասնավորապես, առաջարկվում է սահմանված առավելագույն արագությունը մինչև 10 կմ/ժ-ով գերազանցելու համար տուգանք սահմանել 3 հազար դրամ՝ գործող 10 հազարի դրամի փոխարեն: Առաջարկվում է՝ սահմանված առավելագույն արագությունը 11-20 կմ/ժ-ով գերազանցելու պարագան դիտարկել որպես առանձին իրավախախտում և դրա համար տուգանք սահմանել վեց հազար դրամը:

Գործող օրենսգրքում արագության գերազանցումը 11-30 կմ/ժ-ով դիտարկվում է մեկ փաթեթի մեջ և տուգանվում 30 հազար դրամով: Ի դեպ, 21 և ավելի կմ/ժ-ով արագության գերազանցման տուգանքներում որևէ փոփոխություն չեմ առաջարկել:

Նախագծով առաջարկել եմ տուգանքները թեթևացնել այն խախտումերի պարագայում, որոնք պայմանականորեն կարելի է անվանել «համեմատաբար նվազ վտանգավոր»:

Առաջարկվում է նաև վերացնել չվճարված տուգանքների եռապատկման և հնգապատկման պրակտիկան, եռապատկումը փոխարինելով մեկուկես անգամով, հնգապատկումը՝ կրկնապատկումով:

Աշխատել եմ ստեղծել հավասարակշռված նախագիծ, որը կսանձի «Սիքյուրիտի դրիմի» ախորժակը և չի բերի ճանապարհային ամենաթողության», – գրում է պատգամավորը:

Նշենք, որ, համաձայն մամուլում տարածված տեղեկությունների, «Սիքյուրիթի դրիմ» ընկերությունը պատկանում է Սերժ Սարգսյանի եղբորը՝ ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանին։