Վերանալով վարչապետի անձից, նրա հրաժարականը նախ և առաջ պետք է գնահատել որպես պատմական տարողության մի իրադարձություն, որի կարևորությունը դեռևս բավարար չափով չի գիտակցվել հասարակության և նույնիսկ քաղաքական շրջանակների կողմից։ Այս մասին ilur.am-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
«Անկախության շրջանում առաջին անգամ մեր երկրում կառավարության փոփոխություն է տեղի ունեցել ընդդիմության ճնշման արդյունքում։ Հետևաբար, բոլոր այն խոսակցությունները, թե Հայաստանում սահմանադրական ճանապարհով որևէ բան փոխել հնարավոր չէ, հօդս են ցնդում։ Իսկ կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը ոչ այլ ինչ է, եթե ոչ ժողովրդավարական երկրներում կիրառվող սահմանադրականության սովորական մեխանիզմ», – ասել է ՀԱԿ առաջնորդը։
Հարցազրույցը վարող ilur.am-ի խմբագիր Քրիստինե Խանումյանի այն հարցին, թե իշխանությունները պնդում են, որ վարչապետը պաշտոնից ինքնակամ հրաժարվել է իր դիմումի համաձայն, Տեր-Պետրոսյանը պատասխանել է, թե իշխանությունների պնդումները պատկանում են հեքիաթի ժանրին և սեփական դեմքը փրկելու ճիգից բացի, որևէ այլ բան չեն նշանակում։
Նա նշել է, որ քառյակի ճնշումը լուրջ սպառնալիք էր, որպեսզի Սերժ Սարգսյանը ժամանակից շուտ թոշակի ուղարկի վարչապետին։
«Որովհետև իշխանությունները չէին կարող չհասկանալ (իսկ Սերժ Սարգսյանը, ինչ-ինչ, բայց հաշվել գիտի), որ եթե մարտի 1-ին Կոնգրեսին հաջողվեց երեսունհազարանոց հանրահավաք գումարել, ապա քառյակի կողմից կազմակերպված շուրջօրյա հանրահավաքների պարագայում այդ թիվը կարող էր եռապատկվել, հնգապատկվել կամ նույնիսկ տասնապատկվել` ո՛չ ամենևին չորս ուժերի համակիրների թվաբանական գումարի, այլ սիներգիայի օրենքի ներգործությամբ, երբ երկուսին գումարած երկուսը ոչ թե չորս է, այլ տաս, քսան, և անգամ ավելին։
Երկրում իրական փոփոխությունների իրականացման գործում քաղաքացիական շարժումների դերը և քաղաքական ու քաղաքացիական ուժերի համագործակցության կարևորությունը ես հիմնավորապես գնահատել եմ իմ վերջին հրապարակային ելույթում։ Ուստի անժխտելի է, որ հասարակական ակտիվության առումով քաղաքացիական գործոնն էլ տվյալ հարցում որոշ դեր խաղացել է, բայց միայն անուղղակիորեն, քանի որ, ինչպես հայտնի է, կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ ուղղված շարժումը, ձգտելով զերծ մնալ իր հետապնդած խնդրի քաղաքականացումից, երբևէ վարչապետի հրաժարականի պահանջ չի ներկայացրել», – ասել է ՀՀ առաջին նախագահը։
Տեր-Պետրոսյանը նշել է, որ կառավարության փոփոխությամբ Սերժ Սարգսյանի ռազմավարությունն ամենևին չի փոխվելու և ինչպես նախկինում շարունակելու է հետապնդել մինչև իր ժամկետի ավարտը պաշտոնավարելու, իսկ դրանից հետո հավատարիմ ժառանգորդ կարգելու կամ փոփոխված սահմանադրության ընձեռած լայն լիազորություններով վարչապետի պաշտոնն զբաղեցնելու միջոցով իր իշխանությունը ևս տասը տարով երկարաձգելու նպատակը։
ՀԱԿ առաջնորդի խոսքով՝ Սարգսյանի ձեռնարկվելիք քայլերից կլինի վարչապետի պաշտոնում քիչ թե շատ ընդունելի թեկնածություն առաջարկելու և դրանով հանրային դժգոհության ալիքը մեղմելու, ընդդիմությանը պաշտոններով գայթակղելու ու նրա շարքերում պառակտումներ առաջացնելու միջոցով ժամանակ շահել և սեփական դիրքերն ամրապնդելուց հետո հեշտուհանգիստ անցնել վերոհիշյալ ծրագրի իրականացմանը։
Հարցին, թե Սերժ Սարգսյանին կհաջողվի՞, արդյոք, կիրառել այդ մարտավարությունը և հասնել իր նպատակին, Տեր-Պետրոսյանը հետևյալ պատասխանն է տվել․
«Պետք է նկատի ունենալ, որ քաղաքական ինտրիգների բնագավառում Սերժ Սարգսյանը Հայաստանում մրցակից չունի։ Ուստի այդ ամենը նրան կհաջողվի, եթե ընդդիմադիր ուժերը զգոն չգտնվեն և համարժեք կերպով չգնահատեն սեփական հնարավորությունները։ Իմ տպավորությամբ, ընդդիմությունը դեռևս մինչև վերջ չի գիտակցել, որ ընդամենը շուրջօրյա հանրահավաքների սպառնալիքի միջոցով հասնելով վարչապետի հրաժարականին, արդեն իսկ մեծ հաղթանակ է տարել, իսկ Սերժ Սարգսյանը, եթե ոչ ամբողջովին, ապա գոնե կիսով չափ կապիտուլյացիայի է ենթարկվել։ Չզարգացնել այդ հաջողությունը` կնշանակի մեծագույն նվեր մատուցել Սարգսյանին և նպաստել երկրում տիրող մղձավանջի խորացմանը»։
Նա նշել է, որ քառյակում հետագա քայլերի շուրջ ներկայումս ինտենսիվ խորհրդակցություններ են ընթանում, որոնք դեռ իրենց ավարտին չեն հասել։
«Հետևաբար, իրավունք չունենալով խոսելու քառյակի անունից, ես կարող եմ արտահայտել միայն իմ մասնավոր տեսակետը, որը հանգում է հետևյալին.
ա. Ընդդիմությունը ոչ մի պարագայում խաղերի մեջ չպետք է մտնի Սերժ Սարգսյանի հետ և չպետք է մաս կազմի նրա կողմից ձևավորված որևէ կառավարության, անգամ եթե վարչապետի պաշտոնը առաջարկվի ընդդիմադիր գործիչներից մեկին։ Որովհետև, թեև Սարգսյանը անզոր ու անճարակ է բաց քաղաքականության մեջ, բայց ինչպես քիչ առաջ ասվեց, գրեթե անպարտելի է վարագույրի ետեւում ընթացող ինտրիգների դաշտում։ Իսկ դա նշանակում է, որ փաստացի տիրապետելով ուժային կառույցներին, դատախազությանը, դատական համակարգին եւ տեղեկատվական ոլորտին, նա ի վիճակի է ընդամենը մի քանի ամիսների ընթացքում վարկաբեկել ցանկացած կառավարության` վարչախմբի բոլոր անհաջողությունները բարդելով նրա վրա։
բ. Հետևաբար, ընդդիմությունը կա՛մ պետք է շուրջօրյա հանրահավաքների միջոցով անմիջապես բարձրացնի արդեն Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը, կա՛մ էլ ընտրելով միջանկյալ և իշխանափոխության ավելի փափուկ տարբերակ, խորհրդարանական քննարկումների օրերին, կրկին շուրջօրյա հանրահավաքների ճնշման տակ, պետք է երկիցս վիժեցնի նոր կառավարության ծրագրի ընդունումը՝ ստիպելով Սարգսյանին, Սահմանադրության համաձայն, ցրել խորհրդարանը և Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնել։
գ. Երկրում արմատական փոփոխությունների իրականացման եւ օրինական իշխանությունների ձեւավորման այս գերնպաստավոր պահը չի կարելի կորցնել, որովհետեւ հետագայում այդպիսի պահ կարող է այլևս չստեղծվել, ինչի պատասխանատվությունը կընկնի բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի վրա», – ասել է Տեր-Պետրոսյանը։
Խանումյանը Տեր-Պետրոսյանին նաև հարցրել է, թե ՀՀԿ-ական մեծամասնության առկայության պարագայում ի՞նչ երաշխիք կա, որ ընդդիմությանը կհաջողվի երկու անգամ վիժեցնել նոր կառավարության ծրագրի ընդունումը։
«Իսկ ո՞րն է տարբերությունը։ Ի՞նչ երաշխիք կար, որ փոքրամասնություն կազմող խորհրդարանական խմբակցությունների քառյակին ապրիլի 28-ին սկսվելիք շուրջօրյա հանրահավաքների միջոցով կհաջողվեր պարտադրել վարչապետի հրաժարականը։ Եթե քառյակը վստահ էր, որ այդ ճանապարհով կարող է հասնել նախորդ վարչապետի հրաժարականին, ապա ինչո՞ւ նրան չպիտի հաջողվի նույն ճանապարհով մերժել նոր վարչապետի ծրագիրը։ Արդյո՞ք, որեւէ բան է փոխվել։ Եթե ինչ-որ բան էլ իսկապես փոխվել է, ապա ոչ թե վարչախմբի, այլ ընդհակառակը՝ ընդդիմության օգտին, քանի որ, ինչպես վերը նշվեց, Սերժ Սարգսյանը նույնիսկ ժամանակից շուտ, շուրջօրյա հանրահավաքների սարսափից, լիակատար կամ մասնակի կապիտուլյացիայի է ենթարկվել», – պատասխանել է ՀԱԿ առաջնորդը։
Անդրադառնալով այն հանգամանքին, որ, վախենալով կորցնել իշխանությունը, Սերժ Սարգսյանը կարող է, ինչպես 2008թ. մարտի 1-ին, ուժ կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ, Տեր-Պետրոսյանը նշել է, որ եթե վերանալ խելագարության կանխավարկածից (իսկ Սերժ Սարգսյանն ինչ-ինչ, բայց ամենրին խելագար չէ), ապա ուժի կիրառումն այս անգամ բացառված է։
«2008-ին վարչախումբն անհամեմատ ավելի հզոր ու միաձույլ էր, քան այսօր։ Երկրի սոցիալ-տնտեսական վիճակը նույնպես շատ ավելի բարվոք էր, քան ներկայումս։ Հետևաբար, ժողովրդի դժգոհությունն էլ իշխանություններից դեռեւս չէր վերածվել համատարած ատելության։ Իմ թեկնածության շուրջ ձևավորված շարժումը միայնակ էր իշխանական բուրգի հանդիման, մինչդեռ այժմ ընդդիմադիր պայքարում ներգրավված են խորհրդարանական չորս ազդեցիկ ուժեր, որոնք ի զորու են մոբիլիզացնել շատ ավելի մեծ զանգվածներ, քան մենք։ Բացի դա, վեց տարի առաջ Սերժ Սարգսյանը վայելում էր արտաքին աշխարհի լիակատար աջակցությունը, իսկ հիմա հայտնվել է միջազգային «իզգոյի» վիճակում, որի ճակատագիրն այլևս ոչ ոքի չի մտահոգում։ Եւ վերջապես ամենակարևորը՝ 2008-ին Սարգսյանն իր աչքի առջև դեռևս չուներ Կադաֆիի, Մուբարաքի և Յանուկովիչի անփառունակ վախճանի տեսարանը։ Մի խոսքով՝ Սերժ Սարգսյանն այլևս դիմադրության ռեսուրս չունի. վարչապետի զոհաբերությամբ նա մատնել է իր թուլությունն ու փաստորեն ընդունել իր պարտությունը։ Նրան մնում է շնորհակալությամբ ստանալ իրեն առաջարկված անձեռնմխելիության երաշխիքները և խոնարհաբար հեռանալ ասպարեզից», – ասել է Տեր-Պետրոսյանը։