Home / Հայաստան / ՀՅԴ-ն հանդիպեց Սերժ Սարգսյանի հետ. Ռուստամյանը ներկայացրել է մանրամասները. Yerkir.am

ՀՅԴ-ն հանդիպեց Սերժ Սարգսյանի հետ. Ռուստամյանը ներկայացրել է մանրամասները. Yerkir.am

ՀՅԴ-ն Սերժ Սարգսյանին ներկայացրել է 7 կետերից առաջարկություններ, որոնք կապված են Հայաստանում ստեղծված իրավիճակի հետ: Այս մասին վարչապետի թեկնածության շուրջ քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում Սերժ Սարգսյանի և ՀՅԴ խմբակցության քննարկումից հետո Yerkir.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Մեր մոտեցումները հստակ արտահայտել էինք մինչ այդ հանդիպումը: Հանդիպման ժամանակ ներկայացրեցինք յոթ կետերից բխող առաջարկություններ` իրավիճակի հետ կապված, փոփոխությունների վերաբերյալ մեր պատկերացումները, խոսեցինք մեր գնահատականների մասին և հույս հայտնեցինք, որ նոր կառավարությունը պետք է չհամարվի հնի շարունակությունը, այլ նոր հույս ներշնչելու, նոր էջ բացելու ակնկալիք պետք է առաջացնի», – ասել է ՀՅԴ-ականը:

Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ այդ յոթ կետերը նոր չեն, կուսումնասիրի այն իմաստով, թե որքան է դա իր կողմից ընդունելի, որպեսզի ընդգրկի նոր ձևավորվող կառավարության քաղաքականության մեջ:

Ռուստամյանը նաև ասել է, որ հանդիպմանը նոր վարչապետի անձի մասին խոսք չի եղել:

«Մենք` ինքներս, ասել ենք, որ անձի խնդիր չենք դնում, մենք ծրագրերն ենք կարևորում և այն առաջարկների ընդունումը, որը մենք նրան ներկայացրել ենք: Կառավարության համապատասխան կազմը, որը կիրականացնի բարեփոխումներ` ընդգրկումով և խորությամբ, նույնպես կարևոր է, բայց այս փուլում դրա մասին խոսակցություն չի եղել», – ասել է ՀՅԴ-ական պատգամավորը:  

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիայի մասին խոսակցություններին, Ռուստամյանն ասել է, որ դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:

«Մեր համագործակցության ձևաչափը պայմանավորված է մեր առաջարկած ծրագրի հիմնադրույթներն ընդունելու աստիճանով, դրանից է բխելու ամեն ինչ` մեր տեղն ու դերը այս հարաբերությունների մեջ: Բնականաբար, սա չի նշանակում կոալիցիայի հետ կապված ինչ-որ գործընթաց, մեզ համար դա երբեք ինքնանպատակ չի եղել: Մենք կոալիցիայի մեջ ենք եղել և դուրս ենք եկել այդ յոթ կետերի մի շարք դրույթներ չկատարվելու պատճառով: Դաշնակցության մոտեցումները շատ հստակ են, և դրանք չեն կարող հակասել Դաշնակցության` մինչ օրս ունեցած քայլերին և արտահայտած տեսակետներին: Մենք միշտ ենք ասել, որ այս պրոցեսում անձերի խնդիր ու կոալիցիա մտնելու հարց չի քննարկվում, այլ երկրում ստեղծված իրավիճակը կտրուկ փոխելու գիտակցումն է, որ կարևոր է, հակաճգնաժամային իրական քաղաքականության և ծրագրված քայլերի մասին է խոսքը գնում», – ասել է Ռուստամյանը:

Մանրամասները՝ Yerkir.am-ում