հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Տուժածը պատմել է ինչպես էին իրեն ծեծում նախարարությունում․ «Ազատություն»

Տուժածը պատմել է ինչպես էին իրեն ծեծում նախարարությունում․ «Ազատություն»

Արդարադատության նախարարության պաշտոնյաների կողմից ծեծի ենթարկվելու մասին ահազանգած Արման Մնացականովը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում «հանցագործություն» է որակել մարտի 24-ին կատարվածը։ 32-ամյա երիտասարդը, ով տասը տարուց ավելի բնակվում է Լեհաստանում և մի քանի ամիս առաջ է եկել Հայաստան, տարակուսած էր այդ պաշտոնյաների բառապաշարից ու վարքագծից։

Մնացականովը նախարարության այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանման շենքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ անմիջապես տեղեկացրել էր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, որից հետո գրասենյակը տարածել էր այն աղմկահարույց ձայնագրությունը։

Երիտասարդը պատմել է, որ այդ օրն ինքն ու ընկերոջ կինը պայմանական պատիժ կրող ընկերոջն ուղեկցել են այլընտրանքային պատիժների կատարման շենքի երկրորդ հարկ։ Նա ընդգծել է, որ նախկինում էլ են ընկերոջ հետ վերև բարձրացել, բայց երբևէ խնդիր չէր եղել։

«Ամսի 24-ի օրը նորից նույն ձև գնացինք, անցակետում մարդ կար, մեզ չասեց ընդհանրապես՝ ուր եք գնում, ինչի համար եք գնում։ Բարձրացանք երկրորդ հարկի աստիճանների վրա, այնտեղ հանդիպեցինք ինչ-որ փոխգնդապետի, հիմա եմ իմանում, որ փոխգնդապետ է։ «Ո՞վ եք, ո՞ւր եք բարձրանում», ընկերս ներկայացավ ով է և ուր է գնում, մենք ասեցինք՝ «պարզապես իր հետ ենք եկել»։ «Ձեր համար ստե եսիմինչ չի, դավայ իջեք ներքև» խոսելաձևով խոսեց, ես էլ ասացի՝ «մի քիչ հանգիստ խոսեք, եթե այսօրվա դրությամբ պաշտոնի եք, դա չի նշանակում, որ կարող եք այդպես խոսել»։ Ինքը բա՝ «հլը արի ստե, արա», եկավ, թևիցս քաշեց, իջեցրեց առաջին հարկ, հանեցին ինձ դուրս։ Ընկերոջս կնոջ վրա գոռալով՝ «դու ով ես, հլը դավայ ստեից», ու էդ աղջկան լացացնելով իջացրին ներքև, կանգնել, դուրսը լացում էր, դողում էր կանգնած տեղը։ Հինգ րոպե անց ընկերս զանգահարում է, բա՝ «արի վերև, որովհետև քեզ կանչում են»։ Ես արդեն պատկերացրեցի ինչի համար պիտի կանչեին ինձ, որովհետև ես իրենց հետ գործ ընդհանրապես չունեմ, միացրեցի իմ հեռախոսի ձայնագրիչը ու բարձրացա վերև։ Հասկանում էի, որ եթե աստիճանների վրա այդպես էին խոսում, ինչ կարող էր պատահել ներսում։ Նույնիսկ մուտքի դռան մոտ արդեն ինձ մի հոգի սպասում էր, ուղեկցեց, տարավ սենյակ։ 4-5 հոգի սենյակում էին, պետը հարց տվեց ինձ՝ անունդ ինչ է և այլն, ու փոխգնդապետն եկավ խփեց»,- պատմել է Մնացականովը՝ հավելելով, որ հինգ հոգուց երկուսն են իրեն ծեծել։

Նա նշել է, որ պետը նստած էր իր սեղանի մոտ, ձեռքին կլոր օղակ էր, որ սեղմում-թողնում են, փորձում էր դրանով խփել, բայց չի խփել։

«Մյուս երկուսը կանգնած էին, երևի կանգնած սպասում էին, որ չվազեմ, չփախնեմ։ Իրենք երևի նախատեսել էին, որ կանչենք ծեծենք, պարապ ենք մնացել.. 4-5 հոգով, պաշտոնով մարդիկ եք, թեկուզ մարդը եթե իրեն վատ էլ պահած լիներ, դու շենքից հրավիրել ես դուրս, ինչի՞ ես 5 րոպե հետո կանչում ներս, բարձրացնում վերև ու սկսում ծեծելը։ Դա պարզապես աննորմալություն է, փսիխիկայի հետ պրոբլեմ ունեն»,- ասել է երիտասարդը։

Երեկ երեկոյան Արդարադատության նախարարությունը տեղեկացրել է, որ նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանի հրամանով երկու պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից՝ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Մալաթիա-Սեբաստիա բաժանմունքի պետ Տիգրան Մալխասյանը և նույն բաժնի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժանմունքի պետ Տիգրան Պետրոսյանը։ Շենգավիթ բաժանմունքի պետ Գևորգ Մաթևոսյանի նկատմամբ կիրառվել է խիստ նկատողություն։

Դեպքի աոիթով երեկ հարուցվել էր քրեական գործ, ձերբակալվածներ առայժմ չկան։