1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ ԱՄՆ-ն վաղուց արդեն իր դիրքորոշումն ունի․ Օսմանյան կայսրության վերջին օրերին 1․5 միլիոն հայերի կոտորածն ԱՄՆ-ն պատմական փաստ է համարում ու սգում նրանց կորուստը։ ԱՄՆ Պետդեպի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Ջեն Փսակին՝ խոսելով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված բանաձևի մասին։
«Այդ սարսափելի իրադարձությունները հանգեցրել են 20-րդ դարի վատթարագույն վայրագություններից մեկին, ու ԱՄՆ-ն ընդունում է՝ դրանք մեծ ցավ են հայ ժողովրդի և բոլոր նրանց համար, ովքեր կիսում են հիմնական համամարդկային արժեքները», – նշել է Փսակին։
Հարցին, թե նա ինչպես է վերաբերում նրան, որ բանաձևը ԱՄՆ-ի վարչակազմին կամ նախագահին կոչ է անում 1915թ-ի իրադարձությունները ճանաչել որպես ցեղասպանություն, իսկ ապրիլի 24՝ դրա հիշատակման օր, Փսակին պատասխանել է, որ արդեն ներկայացրել է ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումը՝ ավելացնելով, որ նախագահ Օբաման այդ հարցի շուրջ իր անձնական հայացքներն ունի ու պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա այս ամսվա վերջին։
Այնուհետև Փսակիին հարցրել են՝ ինչպես է ընթանում կարգավորման գործընթացը Հայաստանի և Թուրքիայի միջև, այն բանից հետո, երբ 2010 թվականին իրենց վարչակազմի օգնությամբ երկու երկրների միջև արձանագրութուններ ստորագրվեցին։
«Մենք շարունակում ենք երկու երկրներին համատեղ աշխատանք տանելու կոչ անել՝ փաստերի անկեղծ և արդարացի ճանաչման հասնելու համար: Մենք հավատում ենք, որ համատեղ աշխատանքի միջոցով Հայաստանը և Թուրքիան կարող են խթանել կայունությունը և զարգացումը ողջ կովկասյան տարածաշրջանում․ մենք շարունակում ենք նրանց հետ աշխատել դրա շուրջ։ Ճիշտ է՝ արձանագրությունները ներկա պահին առաջ չեն շարժվում, բայց ուզում եմ ընդգծել, որ երկու երկրներն էլ հավատարիմ են մնացել հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Մեզ համար ամենակարևորն այն է, որ Հայաստանն և Թուրքիան ապաքինվեն անցյալի վերքերից և առաջ շարժվեն՝ դեպի տարածաշրջանում անվտանգ և բարգավաճ ապագա»,-պատասխանել է Պետդեպի ներկայացուցիչը։