Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ական այն քաղաքական գործիչներից է, ով օգտագործում է քաղաքական իշխանությունն իր բիզնես շահերն առաջ տանելու համար և հակառակը: Այս մասին 2008 թվականի հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Պետդեպ ուղարկած գաղտնի նամակում գրել է ԱՄՆ այն ժամանակվա դեսպան Մարի Յովանովիչը: Այսօր Սերժ Սարգսյանի առաջարկով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն առաջադրվել է վարչապետի պաշտոնում: Epress.am-ը հավաքել է ՀՀ 13-րդ վարչապետի մասին այն կարծիքները, որոնք առկա են Wikileaks-ի կողմից գաղտնազերծված նամակներում:
Նույն գաղտնի փաստաթղթում Յովանովիչը գրում է. «Նման դեմքերը Սարգսյանին բերել են իշխանության, սակայն նրանք կարող են նաև պոտենցիալ վտանգ ներկայացնել Սարգսյանի համար, եթե նա գործի իրենց հետաքրքրություններին հակառակ»: ԱՄՆ դեսպանը Աբրահամյանին հանդիպել էր 2008-ի հոկտեմբերի 9-ին, ու այն ժամանակ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Աբրահամյանը, Յովանովիչի խոսքով, «ժամանակ չի կորցրել և հարձակվել է ընդդիմության վրա» (Հայ Ազգային Կոնգրեսի – խմբ.): Նա նաև խնդրել է ԱՄՆ դեսպանին կասեցնել ընդդիմությանը օգնության տրամադրումը: Աբրահամյանի խոսքով` ամերիկացիների աջակցությունը «վնաս է հասցնում» Հայաստանին, և ավելի լավ կլիներ, եթե ընդդիմությունը սկսեր պատրաստվել 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին: Գաղտնի փաստաթղթում տվյալ հատվածում Մարի Յովանովիչը մեկնաբանում է ՀՀ ԱԺ նախագահի խոսքերը` նշելով, որ իրենք ոչ մի աջակցության չեն ցուցաբերում որևէ տեսակի ընդդիմությանը, բայց ԱՄՆ դեսպանատան հաճախակի հնչող խոսքերը, որոնք պաշտպանում են քաղաքական ազատությունները և մարդու իրավունքները, «Աբրահամյանի նմանների կողմից կարող են ընկալվել որպես տերպետրոսյանամետ»: Զրույցի ընթացքում Արահամյանը նշել է, որ իշխանությունները պատրաստ են լսել ընդդիմության քննադատությունը, և դեսպանը գործնականում կհամոզվի, որ «իրենք (ՀՀԿ-ն – խմբ.) ժողովրդավար մարդիկ են»:
2009 թվականի նոյեմբերի 17-ին Մարի Յովանովիչը ևս մեկ գաղտնի նամակում անդրադառնում է Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի բիզնես բուրգերին: Աբրահամյանի մասին ԱՄՆ դեսպանը գրում է հետևյալը. «ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նախկինում եղել է Քոչարյանի բուրգի անդամ, սակայն վերջին շրջանում սեփական բիզնես կայսրությունն է ձևավորել»:
2008 թվականի ապրիլի 21-ին ձևավորված ՀՀ նոր կառավարության մասին ԱՄՆ Պետդեպին տեղեկացրել է դեսպանատան գործերի ժամականավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը:
Ամերիկացի դիվանագետը բավական զգուշավորությամբ է գրում Հովիկ Աբրահամյանի և Արմեն Գևորգյանի փոխատեղման մասին (Աբրահամյանը դարձավ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, իսկ Արմեն Գևորգյանը` փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար – խմբ.): Փենինգթոնը նշում է, որ Գևորգյանը հստակ Քոչարյանի մարդն է, իսկ Աբրահամյանն ավելի շատ աշխատում է սեփական շահերի համար, սակայն երկրորդ և երրորդ նախագահի միջև ընտրության դեպքում նա ավելի շատ Քոչարյանին է մոտ կանգնած:
Նա նշում է նաև, որ Աբրահամյանը վատ համբավ ունի թե' կոռուպցիայի պատճառով, թե' այն պատճառով, որ Սերժ Սարգսյանի նախընտրական արշավի ժամանակ եղել է ամենակեղտոտ մարտավարական քայլերի իրականացնողը:
2009-ի մայիս ամսով թվագրված ևս մեկ նամակում Փենինգթոնը փոխանցում է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչի հետ գործարար Միխայիլ Բաղդասարովի խոսքերը Աբրահամյանի մասին:
«Բաղդասարովը կարծիք է հայտնել, որ Տիգրան Սարգսյանի անարդյունավետությունը որպես վարչապետ օգնել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի քաղաքական վերելքին: Բաղդասարովի խոսքով՝ երբ հայաստանյան քաղաքական դաշտի խոշոր խաղորդները ցանկանում են, որ ինչ-որ բան կատարվի, նրանք անտեսում են վարչապետին և գնում են Աբրահամյանի մոտ: Գործարարը նշել է, որ Աբրահամյանին չպետք է թերագնահատել, նա արդեն հասցրել է «ստվերային կառավարություն» ստեղծել խորհրդարանում: Բաղդասարովը ենթադրել է, որ Հովիկ Աբրահամյանը կդառնա Հայաստանի հաջորդ վարչապետը, և, վերջ ի վերջո, Հայաստանի նախագահ:
Գործարարը չի բացառել, որ Աբրահամյանը կարող է ուղի գտնել Սերժ Սարգսյանին դուրս մղելու և պայքարելու նախագահական աթոռի համար արդեն 2013 թվականին»:
ԱՄՆ դեսպանատան փաստաթղթի այս հատվածում Փենինգթոնն իր մեկնաբանությունն է զետեղում, որում նշում է, որ «արտասահմանյան դիտորդների և հայերից շատերի կարծիքով՝ Հովիկ Աբրահամյանը վատ կրթված, նեղ տեղային մտածողությամբ մարդ է, ում, սակայն, իրոք, պետք չէ թերագնահատել»: