Հովիկ Աբրահամյանն իր անցած ուղիով, Հայաստանի Հանրապետական կուսակցության մեջ ստանձնած դերակատարությամբ, իր փորձով և կազմակերպչական ունակություններով, իրոք, կարող է լավագույնս առաջնորդել ՀՀ կառավարությունը: Այս մասին այսօր ՀՀԿ խորհրդի նիստին հայտարարել է Սերժ Սարգսյանը: Նշենք, որ խորհուրդը միաձայն ընդունել է Աբրահամյանի թեկնածությունը:
«Վերջին օրերի ընթացքում պարոն Աբրահամյանի հետ մենք երկար ենք խոսել ներկայի ու մեր ապագա ծրագրերի մասին: Ես անկեղծորեն ներկայացրել եմ բոլոր այն թերահավատությունները, որոնք կան անգամ մեր թիմակիցների մոտ՝ կապված ներթիմային միասնականության, այլ քաղաքական ուժերի հետ մեր հարաբերությունների կամ հասարակական տարբեր շերտերի կողմից հնարավոր ընկալումների հետ: Բոլոր խնդիրների մասին խոսել ենք անկեղծ, բաց, ու ես ստացել եմ պարոն Աբրահամյանի հստակ հավաստիացումները: Մեր շարքերում առկա հնարավոր մտահոգությունները պարոն Աբրահամյանը խոստացել է շատ արագ փարատել իր ակտիվ քայլերով, քաղաքական հստակ ուղերձներով, թիմային ոգին բարձրացնելու և աշխատանքի շուրջ բոլորին միավորելու իր ձեռնարկումներով և, որ ամենակարևորն է, աշխատանքի շոշափելի արդյունքներով: Ես վստահ եմ, որ բոլորը շատ արագ հասկանալու են, որ Հայաստանի Հանրապետությունն իսկապես արդյունավետ վարչապետ ունի: Ես չեմ կասկածում դրանում և անձամբ ամեն ինչ անելու եմ՝ օգնելու համար պարոն Աբրահամյանին հնարավորինս արագ հասնելու այդ իրականությանը:
Մենք պայմանավորվել ենք նաև մի շարք աշխատանքային առաջնահերթությունների ու ոճի մասին: Թվարկեմ մի քանիսը:
ա. Կառավարության աշխատանքները կազմակերպվելու են ձեռքբերված հաջողությունները ներկայացնելու և դրանց վրա հիմնվելով առաջ գնալու, այլ ոչ թե նախկին կառավարությանը պախարակելու ճանապարհով:
բ. Մաքսային միությանը միանալու աշխատանքները նոր թափով են շարունակվելու և ակտիվ գործողություններով բարեհաջող ավարտին է հասցվելու այս կարևորագույն աշխատանքը:
գ. Իրականացվող բարեփոխումներն արդյունավետորեն շարունակվելու են.
– նկատի ունեմ պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրումը,
– նկատի ունեմ կրթական բարեփոխումների շարունակությունը,
– նկատի ունեմ հարկային և մաքսային համակարգերում կատարելագործման աշխատանքների հաստատակամորեն շարունակությունը. ես նկատի ունեմ շրջանառությունների փաստաթղթավորումը, պարտադիր պիտակավորումը, կանխիկ շրջանառության սահմանափակումը և հաշվիչ դրամարկղային մեքենաների ներդրման ավարտը բոլոր ոլորտներում,
– նկատի ունեմ, իհարկե, նաև տեսչական բարեփոխումների ավարտը:
Անշուշտ, ես մի քանի հարցեր թվարկեցի, մենք պայմանավորվել ենք բազմաթիվ այլ հարցերի շուրջ:
դ. Կադրային հարցերում վարչապետն ունենալու է բարձր աստիճանի ազատություն՝ պահպանելով լավագույններին՝ անկախ հայացքներից, առաջադրելով նորերին՝ հնարավորինս զերծ մնալով «ծանոթ-բարեկամ» նշանակումներից:
ե. Վերաամրագրել ենք կարևորագույն առաջնահերթություն բոլորի համար. «պետական բյուջեն անձեռնմխելի է, կաշառքն՝ արգելված»:
Այս և բազմաթիվ այլ հարցերի շուրջ պայմանավորվածությունները պահպանվելու են հստակ, աշխատելու ենք «անսահման աջակցություն փոխադարձ շիտակության պայմաններում» բանաձևով:
Այսքանը, իհարկե, բազմաթիվ առիթներ լինելու են, որպեսզի մենք խոսենք կառավարության հետագա գործունեության մասին:
Ես ուզում եմ բոլորիս անունից շնորհակալություն հայտնել Տիգրան Սարգսյանին՝ տարիների հավատարիմ ու նվիրված աշխատանքի համար, բոլոր այն էական ձեռքբերումների համար, որոնք արձանագրվել են այս տարիներին նրա գլխավորած կառավարության կողմից, և նորանոր հաջողություններ եմ մաղթում նրան մեր հայրենիքին ծառայելու նրա ապագա բոլոր նախաձեռնություններում:
Ի դեպ տեղեկացնեմ, որ Տիգրան Սարգսյանն անցնելու է դիվանագիտական աշխատանքի, չափազանց կարևոր աշխատանքի, այնպես որ մենք համատեղ աշխատանքը շարունակելու ենք:
Ես շնորհավորում եմ Հովիկ Աբրահամյանին այս կարևոր փուլում Հայաստանի կառավարության ղեկն ստանձնելու կապակցությամբ, բոլորիս անվերապահ և լուրջ սատարումն եմ խոստանում նրան և ցանկանում եմ շոշափելի հաջողություններ մեր երկրի, մեր տնտեսության հետագա զարգացման գործում:
Պարո՛ն վարչապետ, շնորհավորում եմ», – ասել է Սերժ Սարգսյանը: