Լոս Անջելեսի գերագույն դատարանի երդվյալ ատենակալները սկսել են խորհրդակցությունները Գլենդեյլի՝ ծագումով հայ բնակիչ Ռաֆայել Փարսադանյանի գործի շուրջ, հայտնում է Glendale News Press-ը։
Ռաֆայել Փարսադանյանն ու Գլենդեյլի երկու այլ հայազգի բնակիչներ Մհեր Դարբինյանն ու Արման Շարոպետրոսյանը մեղադրվում են խարդախության մեջ։ Նրանք, ենթադրաբար, կապված են «Հայկական ուժ» հանցախմբի գործունեության հետ։
Փարսադանյանին մեղադրանք է ներկայացված բանկային խարդախության և անձնական տվյալների յուրացման մեջ։ Նրա փաստաբան Էնդրյու Ֆլայերը, սակայն, պնդում է, որ իր պաշտպանյալը, ով բջջային հեռախոսների խանութի սեփականատեր է, հանցախմբի հետ որևէ կապ չունի։
«Դուք գիտեք՝ որքան սարսափելի է անմեղ մարդուն պաշտպանելը»,- իր եզրափակիչ խոսքում դիմելով ատենակալներին՝ ասել է Ֆլայերը։
Դատախազների ներկայացրած մեղադրանքի համաձայն՝ Դարբինյանն ու Փարսադանյանը «Ընդամենը 99 ցենտ» խանութների ցանցում բանկային տվյալները կրկնօրինակող սարքավորումներ էին տեղադրել և ստացված տվյալները փոխանցել հանցախմբի անդամներին։ Վերջիններս դրանք օգտագործելով՝ խանութի հաճախորդներից ավելի քան 2 միլիոն դոլար են հափշտակել։
Ֆլայերի պնդմամբ՝ իր պաշտպանյալին ու մյուս ամբաստանյալներին կապող միակ ապացույցն ընդամենը մի քանի հեռախոսազանգեր են, որոնք, նրա խոսքով, համոզիչ չեն ու անորոշ են։
Ամբաստանյալները ԱՄՆ-ում 1980-ականներին ձևավորված «Հայկական ուժ» հանցավոր խմբավորման գործի շրջանակներում ձերբակալված տասնյակ հանցագործներից են։ Նշենք, որ ավելի վաղ «Հայկական ուժ»-ի շուրջ 80 անդամներ մեղավոր էին ճանաչվել կողոպուտների, սպանությունների, առևանգումների, դրամաշորթության, մեքենայությունների, մաքսանենգության ու զենքի ապօրինի շրջանառության մեջ: