«Օրինաց երկիր» կուսակցությունը դուրս է գալիս իշխող կոալիցիայից։ Այս մասին երեկ երեկոյան հայտարարել է կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը։ Նա նշել է, որ ՕԵԿ-ը հնարավորություն չունի իշխող կոալիցիայի շրջանակներում ազդեցություն ունենալ կայացվող որոշումների վրա, և «իշխող կոալիցիա» եզրի փոխարեն շրջանառության մեջ է դրվել «իշխող քաղաքական ուժ» հասկացությունը։
Բիշարյանի խոսքով՝ իշխող կոալիցիայի մաս կազմող ՕԵԿ-ը չի կարողացել ազդել վարչապետերի կամ ԱԺ նախագահների նշանակման գործընթացի վրա, և այդ որոշումը ՀՀԿ-ն միաձնյա է կայացրել։ Անցյալ շաբաթ վարչապետի նշանակումից առաջ ՀՀԿ-ն չի քննարկել ՕԵԿ-ի առաջադրած թեկնածուի հարցը։ Կուսակցության փոխնախարարի պնդմամբ՝ ՕԵԿ-ն անցնում է ընդդիմության շարքերը, և Արթուր Բաղդասարյանը, փաստորեն, առաջիկայում կհրաժարվի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։
Նշենք, որ սա կոալիցիայից դուրս գալու ՕԵԿ-ի երկրորդ փորձն է։ Առաջին անգամ դա տեղի է ունեցել 2008 թվականի նախագահական ընտրություններից առաջ, երբ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդես է եկել որպես ընդդիմադիր թեկնածու։ Ընտրություններում պաշտոնական տվյալներով 3-րդ տեղը զբաղեցրած Բաղդասարյանը 2008 թվականի փետրվարին որոշում է կայացրել սատարել Սերժ Սարգսյանին և դրա դիմաց ստացել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ ՕԵԿ-ը կառավարությունում 3 նախարարական պորտֆել ուներ։ Կուսակցության որոշումից հետո ԱԻ նախարարի պաշտոնակատարա Արմեն Երիցյանը, քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար Սամվել Թադևոսյանը և գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը դադարեցրել են անդամակցությունը ՕԵԿ-ին։