23:58 Ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանի նկատմամբ ոստիկանության բաժնում 20 հազար դրամի չափով վարչական տուգանք են կիրառել: Այս մասին Մարգարյանն ասաց Epress.am-ի հետ զրույցում ոստիկանությունից դուրս գալուց հետո: Ազատամարտիկը նշել է, որ, ոստիկանության աշխատակիցների բացատրությամբ, իրեն տուգանել են արգելված տարածքը սխալ օգտագործելու համար:
Նշենք, որ ազատամարտիկն այսօր բողոքի ակցիա է անցկացրել կառավարության մոտ՝ մուկ և կատու բաց թողնելով հավաքված մարդկանց առաջ՝ ակնարկելով նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ով հայտնի է «մուկ» մականվամբ:
22:00 Ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը, ում բնակարանի մոտ 2,5 ժամ ոստիկաններ են կանգնած եղել՝ պահանջելով բացել դուռը, համաձայնել է ոստիկանության բաժին գնալ այն բանից հետո, երբ ժամանել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները: Այժմ Մարգարյանը նրանց ուղեկցությամբ գնում է ոստիկանության բաժին:
21:20 Մեծ թվով ոստիկաններ այսօր ժամը 19։30-ի սահմաններում այցելել են ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանի (լուսանկարում) Բագրատունյաց 22 հասցեում գտնվող բնակարան՝ ցանկանալով նրան բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանության բաժին։ Այս մասին Epress.am-ի թղթակցին հեռախոսով պատմել է Մարգարյանը: Նա նշել է, թե չի պատրաստվում բացել տան դուռը ոստիկանների առաջ և նրանց հետ խոսում է պատուհանից։ Բնակարանը, որտեղ ապրում է Մարգարյանը, գտնվում է շենքի առաջին հարկում։
Մեր զրուցակցի խոսքով՝ դրսում հավաքված ոստիկանները կանգնած են շենքի տարբեր կողմերում, ինչի մասին իրեն տեղեկացրել են հարևանները: Մարգարյանի հետ զրուցում է Կենտրոնի ոստիկանության բաժնի քրեական գծով պետի տեղակալ Արմեն Այդինյանը։
«Եկել, ասում են, որ իրենց հետ բաժին գնամ, հարցնում եմ, թե ինչի՞ համար, Այդինյանն էլ, թե՝ «այսօրվա արարքիդ» ։ Ասում եմ՝ ի՞նչ եմ արել, ի՞նչ ա, դուք էս երկրից չե՞ք, չգիտե՞ք, որ վարձով եմ ապրում, աշխատանք չունեմ, հավաքարար էլ չեն ընդունում՝ ազատամարտիկ կին եմ: Ես հայրենիքիս համար ոչինչ չեմ խնայել, իսկ այսօր իմ հայրենիքը բոլորիս դարձրել է մուրացկան ու քոչվոր։ Ճիշտը ասելու համա՞ր եք ուզում ինձ բաժին տանել, ոչ մի խնդիր չկա, խոսք եմ տալիս՝ կգամ, բայց ոչ հիմա, ինքս իմ ոտքով կներկայանամ առավոտյան ժամը 12-ին։ Այդինյանը ոչ մի կերպ չի ընդունում ասածս, անընդհատ պնդում է, թե հիմա ձեզ կտանենք, 12 րոպեից բաց կթողնենք։ Ես էլ չեմ գնալու, եթե իրենք իմ խոսքին չեն հավատում, ես ինչու պետք է իրենց հավատամ», – պատմել է ազատամարտիկը։
Ժամը 21։00-ի սահմաններում ոստիկանների թիվը ավելացել է, այս պահին Մարգարյանի բնակարանի մոտ է նաև Կենտրոնի ոստիկանության բաժնի պետ Վարդան Գևորգյանը, ով նույնպես հորդորում է բացել դուռը։
Մարգարյանի այն պահանջին, որ հեռանան և իրեն հանգիստ թողնեն, ոստիկանները ուշադրություն չեն դարձնում, այլ շարունակում են համոզել ներս թողնել իրենց։
«Այ էսպես են անում, որ մարդիկ իրենց տներում կախվում են։ Ամբողջ հարևանությունը զանգում է ինձ ու հարցնում՝ ինչ է պատահել։ Արի ու բոլորին բացատրի, թե սրանք ինչի համար են եկել։ Գո՞ղ եմ, հանցագո՞րծ եմ, թե՞ մարդասպան, ես ո՞ւմ բերանը փակեմ», -եզրափակել է կինը։