«Դ!եմ եմ» նախաձեռնության ներկայացուցիչներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ նախագահական նստավայրի դիմացի մայթին՝ պետական մարմիններից պահանջելով կասեցնել գործատուներից կուտակային կենսաթոշակային օրենքի պարտադիր բաղադրիչի գանձումը, համաձայն Սահմանադրական դատարանի որոշման։
Բողոքողներին հանդիպել է ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով հայտարարել է, որ չի ցանկանում հանդիպումները կազմակերպել փողոցում։ Միևնույն ժամանակ Աբրահամյանը նշել է, որ տեղյակ է նախաձեռնության ներկայացուցիչների պահանջներին ու պատրաստվում է հաշվի առնել նրանց մտահոգությունները։ Աբրահամյանը նշել է, որ առաջին քայլն ինքն արդեն կատարել է։ Հիշեցնենք, որ այսօր Աբրահամյանը հանձնարարել է սեղմ ժամկետներում նախապատրաստել օրենքի նախագիծ, որով մինչև Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը։
Աբրահամյանի խոսքով՝ իրենք չեն սպասելու մինչև ՍԴ-ի որոշմամբ նախատեսված սեպտեմբերը, և փորձելու են մինչև հունիս լուծել կենսաթոշակային նոր օրենք մշակելու խնդիրը։
Նախաձեռնության անդամները խնդրել են վարչապետին ոչ միայն տույժերի խնդիրը լուծել, այլ կատարել իրենց մյուս պահանջները ևս։
«Եկեք ընդունենք, որ կա մի իրավիճակ, երբ անվստահություն կա, ձեր անձի հանդեպ չէ, կառավարության։ Էդպես է իրավիճակը, կներեք, բայց մենք չենք ստեղծել այդ անվստահությունը։ Եթե մեր պահանջած 4-5 կետերն անեք, ապա անվստահության անջրպետը կվերանա և մարդիկ կգան ձեզ հետ քննարկելու նոր օրենքը։ Մենք ակնկալում ենք կառավարության դիրքորոշումը, որը կտրուկ տարբերվելու է նախորդ կառավարության դիրքորոշումից», – ասել է նախաձեռնության մասնակիցներից մեկը։
Վարչապետը նշել է, որ նոր կառավարությանը ժամանակ է հարկավոր։
«Բայց որ քայլեր ենք անելու, դրանում ոչ մի խոսք։ Հավատացեք խնդրեմ, մեզ ժամանակ է հարկավոր», – ասել է Աբրահամյանը։
Աբրահամյանի հեռանալուց քիչ անց նախաձեռնության ակտիվիստները երթով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ։
Նախագահականի մոտ ակցիայի ընթացքը՝ տեսանյութում