Home / Տեսանյութեր / Թուրքահայությունը չկար այլևս, ռուսները քրդերին էին առաջ քաշում. Ցեղասպանության դասերը

Թուրքահայությունը չկար այլևս, ռուսները քրդերին էին առաջ քաշում. Ցեղասպանության դասերը

Ականավոր հայ պատմաբան, մտավորական Լեոն (Առաքել Բաբախանյան) իր «Անցյալից» գրքում Հայոց ցեղասպանության հարցը քննում է տարբեր տեսանկյուններից՝ խոսելով ինչպես Թուրքիայի մեղքի, այնպես էլ հայկական կուսակցությունների քաղաքական տկարության ու բացթողումների, ինչպես նաև եվրոպական երկրների և Ռուսական կայսրության դերի մասին։ Լեոյի կողմից բերվող փաստաթղթերը և տրված գնահատականները բացահայտում են այն հրեշավոր դերը, որը խաղացել է ցարական Ռուսաստանը Հայոց ցեղասպանության հարցում։

«Անցյալից» գիրքը հրատարակվել է 2009 թվականին բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի կողմից: Հայրապետյանը հրատակարությունը նվիրել է 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակին։

Օրվա ընթացքում Epress.am-ը գրքից հատվածներ է ներկայացնելու:

******

Դիմենք այժմ ռուսական ծրագրի երկրորդ կողմին՝ ռուսական բանակին։ Ո՞վ կարող էր հնար եղածին չափ ազատել հայերին թուրքական կոտորածներից։ Ոչ ոք, բացի ռուսական զորքերից։ Բայց մենք տեսանք, որ նա լոկ հանդիսատեսի դեր էր ստանձնել, և կոտորածներ կատարող քուրդ բեյերը ռուս հրամանատարների պատվավոր հյուրերն էին։ Այսպիսի բան չէր կարող լինել փոքրիշատե քաղաքակրթված մի երկրի զորքի մեջ, եթե այդտեղ վաղօրոք կատարված չլիներ պատշաճավոր ագիտացիա հայերի դեմ։ Չմոռանանք, որ այդ զորքի հրամանատարը Յուդենիչն էր, իսկ Յուդենիչի ամբողջ էությունը պարզված է նրա թղթի մեջ, որ ես բերեցի վերևում։

Ես նոր բերեցի նաև դաշնակցական զեկուցման այն կտորը, որի մեջ բացատրված է, թե ինչեր տվին հայերը ռուսներին։ Այժմ տեսնենք՝ ինչպես է ներկայացնում նույն վավերագրին այն վերաբերմունքը, որ այդ բոլորի փոխարեն տեսնում էին հայերը ռուս զորքի կողմից։ Հուլիսի կեսին ռուսական զորքերը հաղթականորեն առաջ էին տանում իրենց արշավանքը դեպի Բիթլիս և Մուշ։ Թուրք զորքերը, նահանջելով ռուսաց բանակի առաջ, իրենց ամբողջ կատաղությունը թոթափում էին հայ ազգաբնակչության վրա։ Սկսվեց Մուշի և նրա դաշտի հայերի սոսկալի կոտորածը, 90 հայ գյուղեր՝ 100 հազար ազգաբնակչությամբ ոչնչացվեցին։ Ռուսական զորքերն այդ ժամանակ հասել էին Նեմրութ սարին և նրանց մնում էր երկու ասպարեզ անցնել՝ Մուշ hասնելու համար։ Այսպիսով նրանք փրկած կլինեին մի քանի տասնյակ հազար հայերի կյանք։ Բայց այդ առաջ շարժումը չարին, և Մուշի հռչակավոր դաշտը, այն, որ իր կատարած խոշոր կուլտուրական դերով դեռ հին ժամանակներին ստացել էր «Հայոց տուն» անունը, բոլորովին մաքրվեց հայերից։

Բայց այս անտարբերությունը դեռ կարելի էր բացատրել զանազան ռազմական նկատառումներով։ Գրեթե միաժամանակ սկսվեց մի անհասկանալի խուճապային նահանջ Վանից և Մանազկերտից մինչև ռուսական սահմանները։ Այս շարժումն այդպես էլ մնաց առեղծվածային, ոչ ոք չէր տեսնում իրական, ճշմարիտ ու լուրջ հիմքեր, և այդ պատճառով ամենքի համար այդ շարժումը շատ կասկածելի էր, ինչ-որ հետին մտքով կատարված։ Նահանջը հանկարծական էր․ Վանում այն հայտարարվեց հուլիսի 16-ին, ընդամենը մի քանի ժամ ժամանակ էր մնում, որ ժողովուրդն իր գլխի ճարը տեսներ։ Եվ այն իր անակնկալության, իր շտապողականության պատճառով դարձավ կործանում հայ ժողովրդի այն մասի համար, որ ռուսների գրաված տեղերում ազատ էր մնացել կոտորածներից։ Ամեն մի թշվառական, որ շարժվելու ընդունակություն ուներ, ոտքի կանգնեց և սկսեց փախչել նահանջող զորքի հետևից, մերկ և բոբիկ, քաղցած ու սարսափով լցված։ Ոչ մի ուշադրություն զորահրամանատարների կողմից դեպի այդ ուժասպառ բազմությունը, որ գնում էր իր տանջանքի ճանապարհը՝ աջ ու ձախ դիակներ փռելով։ Նրան օգնող չկար, նրան նույնիսկ չէին թողնում զորքից առաջ ընկնել… Եվ ակամա հիշողության մեջ զարթնում էր մի ռուս ավելի փոքրաթիվ բանակ 1877թ. ամռանն Ալաշկերտի հովտում, որ նահանջում էր գրեթե երեք կողմից արդեն շրջապատված թշնամիներով, բայց տանում էր իր հետ հինգ հազար տուն հայ փախստականներ և նրա ծերունի հրամանատարները՝ Տեր-Ղուկասովը, չէր շարժվում տեղից, մինչև որ առաջ չէր ուղարկում փախստականի վերջին սայլը։ Այժմ Յուդենիչի դարն էր։ Եվ փախստական ժողովրդից միայն մոտ 100 հազար հոգի մտավ Իգդիր։ Այստեղ՝ Արարատյան երկրում տիֆը, թանչը, սովը և հարյուրավոր այլ թշնամիներ սկսեցին հնձել փախստականի շարքերը։ Մեռնում էր թուրքահայ ժողովուրդը։

Երկու շաբաթ հազիվ անցած այդ նահանջից՝ ռուսական զորքերը նորից սկսեցին առաջարժվել դեպի Վան և Մանազկերտ՝ համարյա ոչ մի դիմադրության չհանդիպելով։ Էլ ինչի՞ համար էր այս հետ ու առաջ քայլելը։ Նահանջի ժամանակ լուրեր էին տարածվել, թե թուրքական թարմ դիվիզիաներ չերևացին և ոչ մի տեղ։ Եվ համատարած կարծիք էր ստեղծվում հայերի մեջ, թե այս ամբողջ նահանջը դիտավորյալ էր, առանց ստիպողական պատճառի, հայերին այդ օրը գցելու համար։

«Մեր իմացականության մեջ,- ասում էր հիշատակած զեկուցումը,- չի տեղավորվում այդքան վայրենի մի միտք։ Բայց նրա տեղ մեզնում ավելի և ավելի ամուր բնավորվում է մի ուրիշ միտք, այն, որ մեր մասին չեն մտածում բոլորովին, որ մեր վիճակը բանի տեղ չեն դնում, որ պաղարյունությունն ու անտարբերությունը մեզ զոհ են բերում ամեն տեսակ՝ իրական, թե կարծեցյալ, մեծ թե փոքր ռազմա-գիտական նկատառման, որ Ռուսաստանի համար մենք դատարկ տեղ ենք։

Հասել է ժամանակը, երբ մենք պիտի խոսենք բարձր և բաց։ Մեր շուրջը կազմում և խտանում է կասկածի և հուզմունքի մթնոլորտը։ Մենք այլևս չենք կարող մնալ մթության մեջ, ապրել ենթադրություններով և կռահումներով, անցնել հույսերից երկյուղների և էլի ետ ու ետ։ Մեզ հարկավոր է ունենալ ճշմարտություն։ Մենք՝ մասսաների ղեկավարներս, որ ժողովուրդը ոտքի կանգնեցնելու, նրան կազմակերպելու և որոշ ուղղությամբ տանելու նախաձեռնությունն ենք վերցրել, մենք այս րոպեին կանգնած ենք ահեղ հարցի առջև՝ ճի՞շտ ենք մենք վարվել, չե՞նք կատարել արդյոք մի մեծ ոճիր՝ գրավելով մեզ իր վստահությունը տված ժողովուրդը դեպի մի ճանապարհ, որով գուցե հարկավոր չէր գնա»։

Այս հարցերի պատասխանը շատ պարզ էր և այն րոպեին, երբ նրանք գրվում էին։ Ուշ էր արդեն խելքի գալը։ Մեծ ոճիրը կատարած էր։ Թուրքահայությունը չկար այլևս, չկար նաև Հայոց հարցը։ Ռուսներն այժմ էլ քրդերին էին առաջ քաշում։ 

Լուսանկարը՝ www.genocide-museum.am