Այսօր խորհրդարանական քառյակը՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգութունը», հերթական հանդիպումն են նախաձեռնել Ազգային ժողովում, որն անցել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի աշխատասենյակում։ Հանդիպման մեկնարկին սենյակ է մտել նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի և ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանի ուղեկցությամբ։
Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցն ԱԺ-ից, այցն անսպասելի է եղել հանդիպման մասնակիցների համար։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարցրել է՝ արդյոք Աբրահամյանը եկել է տեղեկանալու քառյակի ծրագրերից, ինչին վարչապետը պատասխանել է, որ ինքը եկել է որոշ տեղեկություններ հաղորդելու։
Աբրահամյանը, դիմելով ՀԱԿ-ի ներկայացուցիչներ Արամ Մանուկյանին և Լևոն Զուրաբյանին, նաև ասել է․ «Լավ չեք անում, տեսնեմ՝ սենց ուր կհասնեք»։
Լրագրողները ենթադրել են, որ Աբրահամյանը նկատի ունի այն, որ ՀԱԿ-ը չէր ներկայացել կուտակային կենսաթոշակների հարցով վարչապետի նախաձեռնած քննարկմանը։
Այնուհետև սենյակում հավաքվածները խնդրել են լրագրողներին հեռանալ և շարունակել են զրուցել փակ դռների հետևում։
ԲՀԿ-ից հանդիպմանը մասնակցում են Վարդան Օսկանյանը և Ստեփան Մարգարյանը, ՀՅԴ-ից ՝Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանը և Աղվան Վարդանյանը, ՀԱԿ-ից՝ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, «Ժառանգությունից»՝ Ռուբեն Հակոբյանը։