հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Բնապահպանը պնդում է՝ Արարատյան դաշտն անապատանում է․ ԱԺ-ն հետաձգում է հարցի քննարկումը

Բնապահպանը պնդում է՝ Արարատյան դաշտն անապատանում է․ ԱԺ-ն հետաձգում է հարցի քննարկումը

Արարատյան դաշտը, որ հազարամյակներով օգտագործվել է գյուղատնտեսության համար, ընդամենը 7 տարում ոլորտի պատասխանատուները հասցրել են անապատացման: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է բնապահպան Կարինե Դանիելյանը: Ըստ նրա՝ այս աղետալի վիճակի պատճառն այն է, որ Արարատյան դաշտի արտեզյան ջրերն անխնա օգտագործվել են՝ թույլատրելիից մոտ երկու անգամ շատ: Ջրերն օգտագործվել են առավելապես խոշոր ձկնարտադրողների կողմից։

Նշենք, որ երեկ ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը մեկ տարով հետաձգել է Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրերի օգտագործման թույլատրելի ծավալները սահմանափակելու մասին ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանի օրենսդրական նախագիծը: Ըստ Խաչատրյանի՝ օրինագիծը հնարավորինս շուտ պետք է քննարկվի և ընդունվի, քանի որ ջրերն օգտագործվում են թույլատրելիից մոտավորապես երկու անգամ շատ, և դա սպառնում է Սևանի գոյությանը: Հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը, սակայն, հարկ է համարել օրինագծի քննարկումը հետաձգել, մինչև կառավարության կազմը, մասնավորապես, բնապահպանության նոր նախարարի անունը հայտնի կդառնա, և կառավարությունը ևս մասնակցի հարցի շուրջ քննարկումներին։

«Այսօր վերցվում է մոտ 1.7 միլիարդ խորանարդ լիտր: Մինչդեռ վերականգնվող պաշարներն ընդամենը տարեկան 1 միլիարդ խորանարդ մետրի մոտ են, հետևաբար դրանից ավելի ջուր Արարատյան արտեզյան ավազանից վերցնելու իրավունք չունենք», – ասել է Խաչատրյանը:

Լրագրողների դիտարկմանը, թե ջրի օգտագործման կրճատմանը կարող են դեմ լինել խոշոր ձկնաբույծները, Լյովա Խաչատրյանը պատասխանել է, որ առանց այն էլ Արարատյան դաշտավայրում ձկնարտադրողները գնալով կրճատվում են, քանի որ նման կերպ շարունակելու դեպքում ջուրը վերջանալու է:

Նշենք, որ մարտի 7-ին ձկնաբուծարանների թեմային անդրադառնալով՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Արարատյան դաշտավայրի ընդերքային ջրերի անխնա օգտագործման հարցում իշխանությունների հանկարծահաս մտահոգությունը բիզնես շահեր է հետապնդում։

«ՀՀ կառավարության մարտի 6-ի նիստում որոշվել է Սևանում ձկնաբուծության ծրագրի Հոգաբարձուների խորհրդի նախագահ նշանակել Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանին։ Այդքանով Սերժ Սարգսյանն իր անձնական վերահսկողության տակ է վերցնում Սևանա լիճը մի հսկա ձկնաբուծարանի վերածող այս խիստ վտանգավոր ծրագիրը», – գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը՝ հավելելով, որ նման որոշման պատճառը մրցակիցներին բիզնեսից դուրս թողնելն է։

Նշենք, որ, համաձայն մամուլում տարածված տեղեկությունների, Արարատյան դաշտավայրում ձկնաբուծարանների սեփականատերը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է։ Ձկնաբուծական բիզնեսում Հովիկ Աբրահամյանի ներգրավված լինելու մասին ԱԺ ամբիոնից բարձրաձայնել էր Զարուհի Փոստանջյանը։