Նոր կառավարության անդամների դրամական միջոցները 3 անգամ գերազանցում են նախորդ կառավարության անդամների միջոցները։
Այս մասին գրում է «168 ժամ» պարբերականը՝ նշելով, որ ներկայիս կառավարության անդամները՝ իրենց ամուսինների հետ, ունեն շուրջ 24 միլիոն դոլարին համարժեք դրամական միջոցներ, որոնք պահվում են դրամով, դոլարով և եվրոյով։ Նախորդ կառավարության «ունեցվածքը»` գումարային արտահայտությամբ` 8.3 միլիոն դոլար էր։ «168 ժամ»-ն ընդգծում է, որ միայն Հովիկ Աբրահամյանն իր կնոջ հետ հայտարարագրել է 6.1 միլիոն դոլար։
Ընդ որում, նոր նախարարներից երկուսի հայտարարագրերը դեռ հրապարակված չեն. խոսքը վերաբերում է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին և սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանին։ Այսինքն, նրանց տվյալները հաշվի առնելու պարագայում տարբերությունն էլ ավելի կմեծանա։
Նախարարներն իրենց խնայողությունները պահում են հիմնականում ամերիկյան դոլարով (23 միլիոնից 16-ն ԱՄՆ դոլարով է)։
Ամենահարուստ նախարարը ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն է, նա և իր կինը միասին հայտարարագրել են 5.7 միլիոն դոլար և 452 միլիոն դրամ։ Երկրորդ տեղում վարչապետ Հովիկ Աբրահամյանն է։ Երրորդը` բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ով 3 միլիոն 717 հազար դոլար է հայտարարգրել։
Ամենից քիչը գումար է հայտարարգրել Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ 38740 դոլար։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում