Սիսակյան 3 հասցեի 4-րդ կարգի վթարային շենքից 25 ընտանիքների վերաբնակեցումից հետո 6 ամսվա ընթացքում օրենքի համաձայն քաղաքապետարանը պետք է վերանայման գործընթաց սկսեր շենքում, այնինչ որևէ խոսակցություն այդ մասին մինչ օրս չկա։ Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է շենքի բնակչուհի Ասպրամ Հայրապետյանը։
«ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է, որ բնակարանների բաշխումից կես տարի անց պետք է վերանայեն, պարզելու՝ էլ ում պետք է բնակարան տային, որ չեն տվել։ Արդյունքում 5-6 ընտանիքի պետք է վերաբնակեցնեին։ 2013- ի դեկտեմբերի 27- ին գործընթացը սկսվել է, արդեն 6-րդ ամիսն է, քաղաքապետարանը համեստորեն լռում է։ Ըստ այդմ՝ մենք հարց բարձրացրինք ու դիմեցին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանին, ինքն էլ թե՝ «չկա, չունեմ, որտեղից տամ», ես էլ լռեցի՝ մտածելով, որ իր հոր սարքած տներն եմ ուզում, ինքն էլ չի տալիս։ 2015-ին Աջափնյակում 4-րդ աստիճանի վթարային շենքի բնակիչ չպետք է լինի, բոլորն ապահով պետք է լինեն, իսկ սրանք հլը 2-րդ, 3-րդ փուլում են», – ասել է Ասպրամ Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ հետթվարային շենքերին վերաբնակեցման նպատակով Աջափնյակ վարչական շրջանում ներկա պահին թեև 4 բազմաբնակարան շենքեր է կառուցվում, միևնույն է, իրենք չեն հավատում, որ 2015-ի մայիսին իրենք նոր բնակարան կունենան։
«Առաջին հարկի 25 բնակարանները, որոնց բնակիչները վերաբնակեցվեցին՝ փակ են, ու կոյուղաջրերը լրիվ լցվում են էդ բնակարանները։ Դրսից սև քարով պատուհաններն են շարել, ներսից դռներն են պլոմբել, կեղտաջրերն էլ լցվում են, մի օր շենքի հատակը նստելու ա, ինչքա՞ն կարա դիմանա։ Հիմա էլ սողանքներն են սկսվելու՝ մեզ ոչ տեր ըլնող կա, ոչ էլ մեր մասին մտածող։ Ոնց որ էդ 25 բնակարանն էր, վերաբնակեցրին ու վերջ, մեզ էլ ասացին՝ համբերեք մինչև 2015-ի մայիսը՝ մենք կսպասենք, շենքը չի սպասի», – եզրափակել է 70-ամյա բնակիչ Արևլույս Ստեփանյանը։