Մաքսային միություն մտնելուց 10 տարի հետո Հայաստանի համախառն ներքին արդյունքը 2.5 անգամ կաճի։ Այսօր մամուլի ասուլիսի ընթացքում նման հույս է հայտնել Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, ով ամփոփել է Լեհաստանի 10 տարին ԵՄ կազում։
Նրա խոսքով՝ այդ տարիների ընթացքում Լեհաստանի ՀՆԱ-ն աճել է մոտ 50 տոկոսով։
Լրագրողները դեսպանին հարցրել են, թե ինչպես է նա տեսնում Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացումը։
«Արևելյան գործընկերությունը մի այնպիսի ամբիցիոզ ծրագիր էր, որի նմանը ԵՄ-ն նախկինում չէր առաջարկել։ Այժմ դրա շնորհիվ Ուկրաինան կարող է իր ապրանքն առանց տուրքի հանել եվրոպական շուկա, Մոլդովայի քաղաքացիները կարող են առանց վիզա մտնել ԵՄ, Վրաստանի և Մոլդովայի հետ ԵՄ-ն Ասոցացման համաձայնագիրը կստորագրի հունիսի վերջին։ Հայաստանն ասել է, որ ինքը կարող է միայն այն մասով համագործակցել ԵՄ-ի հետ, որքանով դա չի հակասի Մաքսային Միությանը։ Եվ քանի որ Հայաստանը դեռ ՄՄ անդամ չէ, պարզ չէ՝ ինչի է պատրաստ Հայաստանը։ Մեր առաջարկը սեղանին է։ Պետք է հասկանալ՝ ինչ է Հայաստանը ուզում՝ փաստաթուղթ, թե՝ բովանդակություն»,- ասել է Ռաչինսկին։
Ասուլիսի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Ուկրաինայի դեպքերին։ Լրագրողները հարցեր են տվել, որոնք մեղադրանքներ են պարունակել ԵՄ-ի հասցեին՝ Ուկրաինայում տիրող քաոսի համար։ Մասնավորապես, հարց է հնչել՝ արդյոք ԵՄ-ի արձագանքը Ուկրաինայի իրավիճակին համարժեք է, ինչո՞ւ է ԵՄ-ն համագործակցում ուկրաինական նոր իշխանության հետ, որտեղ կան նաև ֆաշիստական ուժեր և այլն։
Դեսպանը նշել է, որ ԵՄ-ից գործողություններ պահանջելուց առաջ, կարելի է հարց տալ՝ ինչու ԱՊՀ-ն որևէ հայտարարություն նույնիսկ չի անում, երբ ԱՊՀ անդամ մի երկիր հարձակվում է մյուս երկրի վրա։
«Խնդրում եմ, մի հավատացեք ռուսական մամուլին։ Ուկրաինայի իշխանությունում կան հրեաներ, հայեր, ռուսներ (մասնավորապես, նկատի ունի Ուկրաինայի ՆԳ նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովին)։ Ես չեմ հանդիպել ֆաշիստական իշխանության, որտեղ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ կան։ Անկեղծ եղեք ձեզ հետ, որն է ավելի վատ ցանկացած պետության համար՝ խիստ աջերից կազմված իշխանությո՞ւնը, թե՞ այլ երկրի կողմից հրահրվող անջատողական տրամադրությունները»,- ասել է Լեհաստանի դեսպանը։
Ռուսական մամուլի մասին խոսելով՝ դեսպանը մի դեպք է պատմել իր երիտասարդության տարիներից։
«Երբ սկսվեց «Սոլիդարնոստը» (Լեհաստանի կոմունիստական իշխանության դեմ պայքարող շարժում – խմբ․), ես ԽՍՀՄ-ում էի, ու ամեն օր կարդում էի «Պրավդա» թերթը։ Այդտեղ գրում էին, որ «Սոլիդարնոստի» առաջնորդները ֆաշիստ են, որ շուտով կհարձակվեն ԽՍՀՄ-ի վրա, գրում էին, որ Լեհ Վալենսան (Սոլիդարնոստի առաջնորդ, 1990-ից մինչև 1995 թթ․ Լեհաստանի նախագահ-խմբ․) ֆաշիստ է, մինչդեռ նա հրեա էր և չէր կարող ֆաշիստ լինել, նրա հայրը եղել էր համակենտրոնացման ճամբարում», – ասել է Ռաչինսկին։