Շաբաթ օրը Վերնիսաժի մոտ կրակոցներ արձակած Գոռ Առաքելյանը, ով ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսան է, երեկ մեղայականով ներկայացել է ոստիկանության Երևանի վարչություն: Այս մասին News.am-ին հայտնել են ոստիկանությունից՝ նշելով, որ Առաքելյանը ներկայացրել է նաև «Մակարով» տեսակի ատրճանակ:
Կայքը մանրամասնում է, որ 29-ամյա Գոռ Առաքելյանը, ով ապրում է «Պրոգրեստեխ Արմենիա» ընկերության շենքում, իր Toyota Landcruiser մեքենայով ցանկացել է դուրս գալ ստորգետնյա ավտոկայանատեղիից, սակայն Վալերի Հովհաննիսյանը և Նորայր Հարությունյանը BMW X 6 մակնիշի մեքենայով մոտ կես ժամ փակել են ճանապարհը՝ առաջացնելով խցանում և թույլ չտալով տարածքում մեքենաների երթևեկությունը։
Գոռ Առաքելյանը, ում մեքենայում եղել է իր կինը (Կարո Կարապետյանի դուստրը) և երեխան, նրանցից ճանապարհ է խնդրել, սակայն, Վալերի Հովհաննիսյանը և Նորայր Հարությունյանը ճանապարհ չեն տվել: Դրանից հետո Գոռ Առաքելյանը դուրս է եկել մեքենայից, վիճաբանություն է սկսվել, որի հետևանքով Առաքելյանը հանել է հրազենը և սկսել է կրակել։ Բացի Վալերի Հովհաննիսյանից և Նորայր Հարությունյանից, վիրավորվել են նաև պատահական անցորդներ կամ Վերնիսաժում առևտուր անողներ՝ Ալբինա Բադալյանը, Մյասնիկ Հայրապետյանը, Մնացական Սուքիասյանը։ Բոլոր վիրավորները տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, մայիսի 18-ի դրությամբ նրանց վիճակը կայունացել էր։
News.am-ը նշում է, որ Վալերի Հովհաննիսյանի և Նորայր Հարությունյանի մասին քիչ տեղեկություններ կան, հայտնի է, որ նրանք վերջերս են եկել Ռուսաստանից։