Home / Հայաստան / Համանախագահները Ղարաբաղի ենթակառուցվածքներում բարելավման նշաններ են նկատել

Համանախագահները Ղարաբաղի ենթակառուցվածքներում բարելավման նշաններ են նկատել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդես են եկել մայիսի 16-ից 19-ը տարածաշրջան կատարած այցի արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ: Հայաստան, ԼՂՀ և Ադրբեջան այցի ժամանակ ԵԱՀԿ համանախագահներին ուղեկցել է Պիեր Անդիոն, ով ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի պաշտոնը կզբաղեցնի հունիսին, հայտնում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը:

Համանախագահների հայտարարության մեջ ասված է, որ իրենց այցի հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղում, Քարվաճառում (Քելբաջար) և Բերձորում (Լաչին) իրավիճակին ծանոթացումն էր` համաձայն իրենց մանդատի: Տվյալ շրջաններն այցելելուց հետո համանախագահները նշել են, որ ենթակառուցվածքներում բարելավման նշաններ են նկատել, Ղարաբաղում վերջին տարիներին բնակչության թվի ավելացում, սակայն, չի նկատվում:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նաև այցելել են Սարսանգի ջրամբար ու քննարկել դրա կարգավիճակն ու հնարավորությունները: Նրանք հույս են հայտնել, որ կողմերը ջրամբարի համատեղ օգտագործման վերաբերյալ համաձայնության կհասնեն` ի շահ տարածաշրջանի:

Մայիսի 19-ին համանախագահները հատել են Տերտերի մոտակայքում գտնվող շփման գիծը: Դիվանագետներն իրենց ափսոսանքն են արտահայտել հրադադարի շարունակական խախտումների և զոհերի վերաբերյալ` նշելով, որ հրադադադարի ռեժիմի խախտման փաստերը քննելու մեխանիզմի բացակայությունը կողմերին թույլ է տալիս մեղադրել մեկը մյուսին: