«Բանդայի գործով» մեղադրյալ Քյարամ Ամոյանը մինչև վեց ամիս բուժման կարիք ունի «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում` կապված ամբաստանյալի ներկա հոգեկան վիճակի հետ, որից հետո միայն կարող է կանգնել դատարանի առջև։ Այս մասին այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարել է դատավոր Մեսրոպ Մակյանը (լուսանկարում) «բանդայի գործով» հերթական նիստի ժամանակ:
Ինչպես Epress.am-ին հայտնել է Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Արման Վեզիրյանը, դատաբժշկական փորձաքննությունը հաշվի առնելով՝ դատարանը որոշել է Ամոյանի մասով քրեական գործն անջատել։
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, որ գործով անցնում են 2011 թվականի սեպտեմբերին բնակարանային գողություններ կատարելու մեղադրանքով ձերբակալված 5 ամբաստանյալներ: Նրանց պաշտպանները հայտարարում են, որ ամբաստանյալների նկատմամբ խոշտանգումներ են իրականացվել, և դրանց հետևանքով կորզված ցուցմունքները չպետք է քննվեն դատարանում և մեղադրականի հիմք դառնան:
Ամբաստանյալներից մեկը՝ 41-ամյա Արման Դալլաքյանը, սեպտեմբերի 7-ին մահացել է դատապարտյալների հիվանդանոցում: Նրա մայրը Epress.am-ին ասել է, որ որդուն ոչ միայն ծեծել են, այլև չեն թողել, որպեսզի ծնողները նրա բուժմամբ զբաղվեն: