«Իշխանական Պառնասը սկսվում է Գորիսից» հոդվածում «Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձ է կատարել Գորիսի քաղաքապետի ընտրությունների շուրջ ստեղծված իրավիճակին։ Երեկ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել 4 թեկնածուներից երկուսը` Սյունիքի գործող մարզպետ Վահե Հակոբյանի մտերիմ ընկեր Տիգրան Կարապետյանը և Արա Բուդաղյանը։
Քաղաքապետի պաշտոնի համար ընտրապայքարը շարունակելու են առաջադրված մյուս երկու թեկնածուները` Վաչագան Ադունցը, ում հովանավորում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը և ավագանու անդամ Հրայր Յոլյանը:
«Արդեն իսկ պարզ է, որ քաղաքապետ ընտրվելու է Սուրիկ Խաչատրյանի հովանավորյալը, ում պաշտոնապես պաշտպանում է նաև ՀՀԿ-ն: Այսինքն՝ Գորիսի քաղաքապետի ընտրություններն ավարտվեցին նախընտրական փուլում: Իսկ մինչ այդ սին հույսեր էին ծնվում, թե թեժ ընտրություններ են լինելու: Բայց ինչպես նկատեցինք, ոչ մի թեժ, ոչ մի էմոցիա, ընդամենը` որոշում և կատարողներ:
Գորիսի քաղաքապետի տեղական նշանակության ընտրության քաղաքական ազդեցությունը կզգացվի ապագայում՝ 2017 և 2018 թթ. ընտրություններին: Եվ այն քաղաքական ուժերը, որոնք այսօր զրոյական ուշադրություն անգամ չդարձրին Գորիսում տեղի ունեցածի վրա, այդպես զրոյական քվեներ էլ ստանալու են համապետական ընտրություններում, ու հետո էլ կոկորդ են պատռելու, թե իրենց քվեն գողացան», – գրում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում