Հանրապետական կուսակցության ընկալումը հասարակության մեջ, հատկապես երիտասարդների շրջանում փոխվում է: Այս մասին շաբաթ օրը կայացած ՀՀԿ 15-րդ համագումարին հայտարարել է կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը։
«Կուսակցությունը դառնում է այն կարևոր խողովակներից մեկը, որի միջոցով ակտիվ քաղաքացիները կարողանում են իրենց ունակություններն ու գաղափարները հասցնել հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտներ, հասնել ինքնադրսևորման ավելի բարձր աստիճանի: Հենց դա է պատճառը, որ մենք ունենք այսքան լուրջ մշտական հոսք դեպի կուսակցություն: Եվ որքան էլ ժամանակի ընթացքում մենք մաքրում ենք մեր շարքերը, որքան էլ չենք հապաղում հեռացնել տարբեր մարդկանց կուսակցությունից, միևնույն է, Հանրապետականն աճում է կայուն տեմպերով:
«Այո՛, Հանրապետական կուսակցությունն իշխող քաղաքական ուժն է, որը նախաձեռնում և իրականացնում է գրեթե բոլոր հիմնարար բարեփոխումները մեր երկրում՝ ընդունելով դրանց հանդեպ առաջ եկող այսպահային դժգոհությունները: Բայց, միևնույն ժամանակ, Հանրապետականը քայլ առ քայլ ավելի է ամրանում բոլոր համայնքներում՝ դառնալով նաև տեղական համայնքային կյանքի ուղղորդիչն ու առկա խնդիրների իրական արձագանքողը, գործով արձագանքողը: Ասվածի վառ վկայությունը մեր վերջին հերթական համագումարից հետո ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած բոլոր ընտրությունների արդյունքներն են և հատկապես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն են տարբեր համայնքներում, որոնցում Հանրապետականը տարել է խիստ համոզիչ հաղթանակներ՝ շարունակելով ամուր հիմքեր դնել ապագա աշխատանքի ու հաղթանակների համար», – ասել է Սարգսյանը:
Նրա խոսքով՝ նոր որակ են ստացել հարաբերությունները ՌԴ-ի «Միասնական Ռուսաստան» կուսակցության հետ` փոխադարձ այցելություններ, համատեղ միջոցառումներ, քաղաքական շփումներ, ինչպես նաև ակտիվացել են շփումները Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ:
«Հանրապետական կուսակցությունը մեր երկրի ամենամեծ և հոծ հասարակական կառույցն է, որը ներկայացված է բոլոր բնակավայրերում և ներկա է բնակչության բոլոր` նույնիսկ ամենափոքր խմբերում: Սա հզոր բնական հնարավորություն է Երևանում հնչեցված գաղափարներն ու ծրագրերն ամենուր հասցնելու, մեր երկրի բոլոր քաղաքացիների հետ դրանք ստուգելու, քննելու և հարստացված հետ բերելու համար: Սա լավագույն մեխանիզմն է նաև մեր հասարակության բոլոր շերտերին հուզող հարցերը կուսակցական խողովակով բյուրեղացնելու, մշակելու և իրականացվող քաղաքականության հարթություն հասցնելու համար: Տավուշի մարզի Գոշ գյուղի բնակիչ Արծրուն Հովսեփյանը ոչ թե պետք է մտածի ում և ինչպես դիմի, որ սողանքից տուժած բնակարանի հարցը լուծում ստանա, այլ պետք է փնտրի իր շրջապատի Հանրապետականին՝ վստահ լինելով, որ նրա օգնությամբ իր մեծ ու փոքր խնդիրները կմտնեն մշակվող և իրականացվող քաղաքականության օրակարգ», – հայտարարել է Սարգսյանը: