Հայաստանի հավաքականը նոր մարզչի օրոք իր առաջին հանդիպումն ավարտեց հաղթանակով: Մրցակիցը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների ընտրանին, միջին կարգի թիմ էր, պինդ, բայց ոչ ավելին: Նման թիմերին հայաստանցիները պարտավոր են հաղթել յուրաքանչյուր վիճակում, ինչն էլ արվեց 4:3 հաշվով:
Գրեթե ոչ մի նորություն մենք չտեսանք. խաղում էր Վարդան Մինասյանի թիմը՝ մեկ-երկու փոփոխություններով: Խնդիրներն էլ նույնն էին, ինչ Վարդան Մինասյանի թիմում՝ պաշտպանության փոխարեն հաճախ դատարկություն, հարձակումն էլ իր բարձրության վրա: Իհարկե, այսօր Բերնար Շալանդին մեղադրել ինչ-որ բանում անհեթեթ է, նա առաջին հավաքն է անցկացնում, առաջին հանդիպումները, սակայն մտահոգությունները փարատելու համար քիչ ժամանակ կա, իսկ մարզչի ձեռքի տակ եղած նյութը սահմանափակ է:
Պաշտպանություն
Ծեծված թեմային երկար անդրադարձ կատարելու անհրաժեշտություն չկա: Առանց Ռոբերտ Արզումանյանի, որը կազմակերպում է խաղը հետևի գծում, պաշտպանությունը սարսափելի տեսք ուներ: Հրայր Մկոյանի խաղում առաջընթաց սպասելն առնվազն սխալ է, նա անում է այն, ինչ կարողանում է, և այդ ամենը ավելի ու ավելի քիչ է համապատասխանում ՖԻՖԱ վարկանիշային աղյուսակում 33-րդ տեղը զբաղեցնող թիմի կարգին: Վարազդատ Հարոյանից սպասումները, հակառակը, շատ են, և հենց դա է պատճառը, որ ֆուտբոլիստի խաղը հիասթափեցրեց: Դիրքային կոպիտ սխալներ, անարդյունավետ փոխանցումներ, մեկը մեկի դեմ խաղալու անկարողություն: Կարելի է ենթադրել, որ Հարոյանն Արզումանյանի կողքին ավելի լավ կգործի, բայց միևնույնն է` հետնընթացն ակնհայտ է: Հարոյանի դեպքում խնդիրը լուծելի կլինի, եթե երիտասարդ ֆուտբոլիստը հնարավորինս արագ լքի Հայաստանի առաջնությունը, այլապես 1-2 տարի հետո մենք կունենանք հերթական չբացված տաղանդը: Աջ պաշտպան Հովհաննես Համբարձումյանի խաղն առաջին խաղակեսում դեռևս լուրջ քննադատության առարկա չէր, բայց երկրորդում երիտասարդ պաշտպանը սկսեց ավելի մեծ թվով սխալներ գործել՝ իր մեղքի բաժինն ունենալով երկրորդ գոլում: Նրան փոխարինած Տարոն Ոսկանյանն ավելի լավ տպավորություն թողեց, նաև սեփական կիսադաշտից սկսեց երրորդ գնդակին նախորդած գրոհը: Խոշոր հաշվով Հայաստանի հավաքականի առջև ծառացած խնդիրը չի փոխվել՝ պաշտպանությունը Բերնար Շալանդի հիմնական գլխացավանքն է լինելու: Լուսավոր կետը Լևոն Հայրապետյանն է, ով լավ ֆիզիկական վիճակում գտնվելու պարագայում որոշակի մակարդակից չի իջնում:
Հենակետային գոտի
Հենակետայնին գոտում Շալանդը մոդելը չէր փոխել՝ երկու ֆուտբոլիստներ խաղադաշտ դուրս բերելով: Կառլեն Մկրտչյանն իր սովորական տեղն էր զբաղեցրել կիսապաշտպանության կենտրոնում, իսկ նրա կողքին խաղում էր ոչ թե Արթուր Եդիգարյանը, այլ Ռումյան Հովսեփյանը: Վերջինիս խաղի մասին էլ հարկ կա առանձին խոսելու, և ոչ թե այն պատճառով, որ Հովսեփյանը գոլի հեղինակ դարձավ:
Լավ մրցաշրջան անցկացրած «Բանանցի» կիսապաշտպանը ունի մեկ կարևոր առավելություն Եդիգարյանի հետ համեմատ՝ նա կարող է դառնալ, ինչպես իտալացիներն են ասում, թիմի «մետոդիստան»: Այդ եզրը բնութագրում է այն ֆուտբոլիստին, ով կարգավորում է խաղը դաշտի կենտրոնում, կարողանում է ինչպես լավ խլել գնդակը, այնպես էլ գրոհը սկսել միջին, երբեմն էլ երկար փոխանցումներով: Ռումյան Հովսեփյանի մոտ ամեն ինչ չէ, որ ստացվում էր Էմիրատների հետ խաղում, սակայն ակնհայտ է, որ նա ունի բավականաչափ որակներ «մետոդիստայի» դերը ստանձնելու, ինչը կարևոր է յուրաքանչյուր թիմի համար: Հովսեփյանը խաղում էր մեծ ցանկությամբ, չէր խուսափում պայքարից, և շարունակական աշխատանքի ու աճի դեպքում շատ շուտով կարող է հավակնել հիմնական կազմում կարևոր դիրքը զբաղեցնելուն:
Հարձակում
Հայաստանի ընտրանու հարձակման մասին շատ բան ասելու կարիք չկա: Առաջատարները, անկախ նրանից, թե ինչ վիճակում են, իրենց գործը հիմնականում անում են. կան վտանգավոր պահեր և գոլեր, սակայն նման պաշտպանության դեպքում հայաստանցիները 3-4 գնդակ պետք է խփեն յուրաքանչյուր խաղում հաղթանակին հավակնելու համար:
Ալժիրի և Գերմանիայի հետ խաղերը, գուցե, պատասխաններ կտան բազամթիվ հարցերից մի քանիսին: Հավանաբար, մարզիչը նորեկներին ավելի շատ խաղային ժամանակ կտրամադրի, մենք կտեսնենք ռեզերվի կարողությունները, ինչպես նաև կհասկանանք՝ ինչպես է Շալանդը փորձելու լուծել թիմի խնդիրները պաշտպանությունում:
Արմեն Մ.